Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess patani
A A
Սպորտ

Մեդալներ նվաճելու համար պետք է հանդես գալ մարտական կազմով․ Արտաշես Մինասյան

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է սաների ելույթից։

 «Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում մենք ակնկալում էինք 4 մեդալ։ Ցավոք, Մամիկոն Ղարիբյանն ու Աստղիկ Հակոբյանը վճռորոշ պահին պարտվեցին և չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել։ Արթուր Դավթյանը 18 տարեկանների մրցաշարում առաջին անգամ դարձավ բրոնզե մեդալակիր, ինչի համար անչափ ուրախ եմ։ Շանթ Սարգսյանի նվաճած արծաթե մեդալը սպասելի էր, քանի որ նա վերջին տարիներին կամ հաղթում, կամ մրցանակային տեղ է զբաղեցնում բոլոր մրցաշարերում», - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանն այսպես ամփոփեց մեր շախմատիստների ելույթները Հնդկաստանում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում։

Նա անդրադարձավ նաև 20 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքներին, որտեղ Շանթ Սարգսյանը դարձյալ գրավել էր 2-րդ տեղը, իսկ Արամ Հակոբյանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

«Մրցաշարից առաջ մտածում էին, որ Շանթ Սարգսյանի և Արթուր Դավթյանի համար դժվար կլինի, քանի որ նրանք մի քանի օր առաջ մասնակցել էին պատանեկան առաջնությանը և հոգնածություն կարող էին զգալ։ Սակայն տղաները լավ հանդես եկան և արդարացրին սպասելիքները։ Շանթը կրկին զբաղեցրեց 2-րդ տեղը։ Արամ Հակոբյանն ավելի թարմ էր ներկայացել առաջնությանը, սակայն նա պարտվեց իր գլխավոր մրցակցին՝ ուկրաինացի շախմատիստին, որն էլ դարձավ չեմպիոն։ Բայց 2-3-րդ տեղեր գրավելը 20 տարեկանների մեջ նույնպես մեծ հաջողություն է ցանկացած շախմատիստի համար», - եզրակացրեց փորձառու մասնագետը։

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի շախմատի ֆեդերացիան նույն շախմատիստներին հայտավորել իրար հաջորդող մրցաշարերում, Արտաշես Մինասյանն ասաց․ 

«Մինչև 20 տարեկանների առաջնությունը յուրահատուկ մրցաշար է, որին մասնակցում են տարիքով մեծ շախմատիստներ, պատանիները չեն գնում։ Սակայն մեր մոտ հիմա ամենաուժեղները իրենք են և մասնակցելու իրավունք ունեին։ Ճիշտ է, վախենում էի, որ նրանք կհոգնեն 18 տարեկանների առաջնությունից հետո, բայց, փաստորեն, իմ մտավախությունները տեղի չէին։ Եթե ցանկանում ենք մեդալներ նվաճել, ապա պետք է միշտ հանդես գալ մարտական կազմով»։