Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականները 4-րդ տուրում ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԲաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի ընտրանու հետ և կորցրեց առաջին մեկ միավորը: Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ: Անցած տուրում Չեխիայի հետ խաղում հաղթանակ բերած Հայկ Մարտիրոսյանն այս անգամ պարտվեց: Մեր հավաքականին վերահաս պարտությունից փրկեց Հրանտ Մելքումյանը, որը հաղթեց իր մրցակցին և հավասարեցրեց ընդհանուր հաշիվը՝ 2:2:
Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո վաստակել է 7 միավոր և Ուկրաինայի, Անգլիայի ու Ռուսաստանի հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն ռուսների հետ:
Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում հաշտություն կնքեց Իսպանիայի ընտրանու հետ: Այս անգամ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանն անսպասելի պարտություն կրեց, իսկ Սիրանուշ Ղուկասյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին: Փրկակար միավորը վաստակեց Աննա Սարգսյանը, որը հիանալի է հանդես գալիս այս առաջնությունում և այսօր տարավ իր 4-րդ անընդմեջ հաղթանակը:
Չորս տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 6 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը: Հաջորդ՝ 5-րդ տուրում, մեր հավաքականը կմրցի Վրաստանի գլխավոր թիմի հետ, որն այսօր 1,5:2,5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանից: