Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-20 չեմպիոն (տեսանյութ)

Հայատանի երիտասարդ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթները Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում: 

Տղաների Մ-20 մրցաշար +109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը պարզապես մրցակցությունից դուրս էր և վստահ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նա պոկում վարժությունը սկսեց այն ժամանակ, երբ մրցակիցներն արդեն սպառել էին բոլոր երեք մոտեցումները: Վարազդատ Լալայանը իրար ետևից բարձրացրեց 180, 190 և 194 կգ ծանրաձողերը և նվաճեց առաջին փոքր ոսկե մեդալը:  

Հրում վարժությունում մեր ծանրորդի հետ փորձեց մրցակցել նիդերլանցի Էնցո Կուվորգեն: Վերջինս երկրորդ փորձի ժամանակ ցույց տվեց  220 կգ արդյունք և ավելին անել չկարողացավ: Վարազդատ Լալայանը նախ սանձեց 220 կգ-ոց, ապա 230 կգ-ոց ծանրաձողը և երկամարտի 424 կգ արդյունքով վստահ գրավեց 1-ին տեղը: Նա երկրորդ տեղը գրաված նիդերլանդցուն գերազանցեց ուղիղ 33 կիլոգրամով: