Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ից հետո ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և Ռ․Քոչարյանն ընդունեց նրա հրաժարականը (տեսանյութ)

ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասում է՝ մենք չգիտենք՝ ինչու կատարվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Մենք ընդամենը գիտենք, թե ով կատարեց այն, բայց մինչև հիմա համոզված չենք, որ այն պատվեր չի եղել։ «Կար և՛ ցանկություն, և՛ պատվեր, և՛ թողտվություն։ Եթե օրվա իշխանությունն աչքի տակով չնայեր այդ գործընթացին, կարող էր կանխել։ Միշտ հարց էր առաջացել, թե ում էր դա ձեռնտու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Վ․Խաչատրյանը հիշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մի օր Զանգեզուր էր գնացել և այսպիսի արտահայտություն արել․ «Ինչ վատ է, որ գաս, կարմիր լենտը կտրես, գնաս տուն»։

«Այդպիսով նա ցույց տվեց, որ գոհ է իր վիճակից, բայց պարզ էր, որ գոհ չէր։ Երբ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվեցին, նրա մոտ գերակշռեց վայելելու ձգտումը։Նա աշխատում էր, բայց վայելքն ու հարստությունը դարձան առաջնային»,- ասաց նա։

Վ․Խաչատրյանի խոսքերով՝ Ռ․Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չունեցան այն գիտակցումը, որ պետական ինստիտուտները կարևոր են, որ չի կարելի դրանք այլասերել, ենթարկեցնել ինչ-որ մեկի կամքին ու ծառայեցնել սեփական ունեցվածի բազմապատկմանը։

 «Ռոբերտ Քոչարյանը ստվերային տնտեսության վարպետներին բերեց ԱԺ, որոնք այսօր հիվանդանում են, Հայաստանում չեն կարող ապրել ու փախնում են»,- հավելեց Վիգեն Խաչատրյանը։

Վերադառնալով Հոկտեմբերի 27-ի թեմային՝ վերջինս գտնում է, որ նախկին իշխանություններին ձեռնտու չէր բացահայտել այդ ոճրագործությունը։ Եվ հարց է բարձրացնում՝ Հոկտեմբերի 27-ից հետո ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և Ռոբերտ Քոչարյանն ընդունեց նրա հրաժարականը։

«Հետո ինչո՞ւ վերակենդանացրեց նրան։ Որովհետև նրան ավելի կարևոր էր ունենալ վստահելի անձնավորություն,նրան կառավարելի մարդիկ էին պետք, Ս․Սարգսյանը լրիվ կառավարելի էր։ Իսկ հրաժարականը տվեց հասարակության դժգոհությունը մեղմելու համար։ Ասաց՝ խնդրեմ, ովքեր մեղավոր են, թող պատասխան տան։ Բայց երբ դատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ ես բան ունեմ ձեզ պատմելու, նրան արգելեցին գնալ ԱԺ և հաջորդ օրը աշխատանքից ազատեցին։ Ո՞նց եղավ, որ Անդրանիկ Մարգարյանը, լինելով Վազգեն Սարգսյանի կուսակցության ղեկավարը, պահանջում էր հրաժարականներ, հանկարծ նրան առաջարկեցին վարչապետ, ու մոռացավ, որ հրաժարականներ էր պահանջում։ Այն բանի դիմաց, որ նստեց վարչապետ։ Բոլորը ասում էին, թե նա շատ լավ մարդ է»,- ասաց Վ․Խաչատրյանը։

Խոսելով Ռ․Քոչարյանին վերագրվող և մեղսագրվող արարքների մասին՝ հավելեց, թե նախկին նախագահը բոլորից լավ գիտի, թե ինչ հանցանքներ է կատարել, պարզապես հիմա պայքարի մեջ է՝ ընդունի՞ դրանք, թե՞ ոչ։ «Իսկ Ռ․ Քոչարյանիշրջապատն ամենալկտի ձևով օգտվում է նրա ողբերգությունից ու փողեր է աշխատում։ Գոնե հարազատներին հեռու պահի այդ պայքարից»,- եզրափակեց Վ․Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։