Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդուարդ Շարմազանով
A A
Քաղաքականություն

Առավոտյան մի հայտարարություն է անում, երեկոյան՝ լրիվ այլ․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

«Վիտալի Բալասանյանի նկատմամբ հարձակումը, որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով, ոչ այլ ինչ է, քան մեր Արցախյան հերոսամարտի և հաղթանակի արժեքի նվազեցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարությանը, թե այս իշխանությունները Արցախի հարցում շարունակում են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․

«Ես երբեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցում ունեցած կարծիքների  ջատագովը չեմ եղել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ունեցել է և կարծում եմ ՝ ունի խիզախություն իր կարծիքը, թեկուզ, որ դուր չի գալիս մեզ,  հստակ ասել։ Նա դեռևս 1992 թվականի մարտի 5-ին հստակ նշել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, որ ինքը դեմ չի լինի, եթե Արցախը, որպես ինքնավար հանրապետություն, լինի Ադրբեջանի կազմում»:

Ըստ ՀՀԿ խոսնակի՝  Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն տարբեր բաներ  է ասում․

«Մենք ապրում ենք մի ղեկավարի ժամանակաշրջանում, ով առավոտյան մի հայտարարություն է անում,  երեկոյան՝ լրիվ այլ, ՄԱԿ-ի ամբիոնից մի բան է ասում, Ստեփանակերտում՝ լրիվ այլ: Սա խայտառակություն է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականությանը՝ պարոն Շարմազանովն ասաց․

«Կարեն Կարապետյանի կառավարությունը 10,7 տոկոս տնտեսական ակտիվությամբ հեռացել է. դու կերազես այսօր 10,7 տոկոս ունենաս: 4․9 տոկոսով տնտեսական զարգացում և թռիչքային աճ հնարավո՞ր է»։