Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Որո՞նք են ամենահաճախ օգտագործվող սոցիալական ցանցերը

Հեռուստատեսությունը շարունակում է մեդիադաշտում մնալ ամենասպառվողը։ Այս մասին վկայում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի համատեղ ուսումնասիրության արդյունքները։
Ներկայացվում են 2015, 2017, 2019 թվականների տվյալները։

Մասնագետները հեռուստատեսության բարձր սպառողականությունը չեն կապում լրատվամիջոցի այս տեսակի նկատմամբ վստահության հետ։ Ասում են՝ այլ գործոններ կան։

«Հեռուստատեսությունը շարունակում է մնալ դիրքերում, որովհետև օրինակ, 60-ն անց ազգաբնակչությունը շարունակում է հետևել հեռուստացույցին ավելի, քան համացանցին։ Այսինքն, նաև մեդիայի սպառման հմտություններն են կարևոր, թե ազգաբնակչությունը ինչ հմտությունների է տիրապետում։ Կարծում եմ, որ հեռուստատեսության դիրքը պահում են այն քաղաքացիները, ովքեր համացանցի սպառման հմտությունների պակաս ունեն։ Սա իմ սուբյեկտիվ գնահատականն է»,- ասում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Սոնա Բալասանյանը։

Նա նաև նշում է՝ համացանցի սպառումը նույնպես աճել է։ Սպառման սանդղակում երկրորդ տեղում է՝ հեռուստատեսությունից հետո։

Նման ցուցանիշը նա կապում է ինտերնետ ցանցի հասանելիության հետ, ասում է՝ ծածկույթի ավելացման հետ համացանցի սպառումը աճում է։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշում է՝ այս տարի հետազոտության մեջ Հայաստանում առաջին անգամ ներառել են հարցերի նոր շրջանակ, որ վերաբերում է հասարակության մեդիագրագիտությանը։ Սա մեկնարկային հետազոտություն է, և դեռևս վաղ է համեմատություններ անել այլ տարիների հետ։
2019-ի հետազոտության համար հարցմանը մասնակցել է 1200 քաղաքացի Երևանից և մարզերից։

Ըստ հետազոտության՝ 2019-ին առավել հաճախ օգտագործվող սոցիալական ցանցերն են YouTube-ը(87%) և Facebook-ը (83%), որոնց հաջորդում են Instagram-ը (32%) և Odnoklassniki-ն (28%)։

Օրվա կտրվածքով Instagram-ը և և Facebook-ը ամենաշատ այցելություն ունեցող հարթակներն են։ Facebook-ի օգտատերերի 95% և YouTube-ի իգտատերերի 72% օգտագործում են այս հարթակները քաղաքական և սոցիալական թեմաներով նորություններ ստանալու համար։

Հարցվածների մեծամասնությունը կարևորում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից։ Համեմատելով 2015-ի տվյալների հետ՝ 2019-ին զգալիորեն աճել է բարեփոխումներով հետաքրքրվածների թիվը։