Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շարմազանով
A A
Քաղաքականություն

«Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է․ Շարմազանովը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին (տեսանյութ)

«Ես տարիներ շարունակ ասել եմ, որ Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը անվտանգությունն է, պանթուրքիզմը, և դժբախտաբար այս մեկուկես տարվա ընթացքում այս նոր իշխանությունը կա՛մ չի գիտակցել, կա՛մ չի ցանկացել գիտակցել,  կա՛մ անզոր է քայլեր կատարել, որպեսզի մեր պետության անվտանգությունն ապահովենք», այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանն ԱԺ-ում հայտարեց, որ ռազմական բյուջեն իր պաշտոնավարման օրոք պետք է շեշտակի ավելանա, այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն  20 տոկոսով ավելանում է, մեր ռազմական բյուջեն գրեթե չի ավելանում»։

Շարմազանովն անդրադարձավ նաև նախարարների և փոխանախարների աշխատավարձերի վերաբերյալ հրապարակումներին՝ ընդգծելով, որ Փաշինյանը մինչ օրս խոսում է ժողովրդավարության, թափանցիկության, բաց աշխատանքի մասին, հիմա, նրա խոսքով՝ ըստ լրատվամիջոցի հրապարակման , որը դեռևս Կառավարությունը չի հերքել, գաղտնի որոշմամբ նախարարների աշխատավարձը 1․5-2 անգամ ավելացել է․

«Սա խոսում է նրա մասին, որ վարչապետը գործում է գաղտնի, և նրա բոլոր պնդումները, որ ինքը պետք է լինի թափանցիկ, վերաբերվում է միայն խորովածի փառատոններին և գինի-փարթիներին, և սա մտահոգիչ է։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարում էր, որ 3 միլիոն վարչապետ կա, էտ 3 միլիոնին ինքը հարցրե՞լ է, որ կրկնապատկել է նախարարների աշխատարվարձը»։

Երրոդ մարտահրավերը, ըստ ՀՀԿ խոսնակի , այն է, որ Հայաստանը ժողովրդավարությունից դարձել է դիկտատորական տոտալիտար երկիր։ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ վենդետա չի լինելու․

«Էսօր  մենք տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն «կզում» Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է  ՍԴ նախագահի վրա եւ շինծու է»,- նշեց նա։