Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132890
A A
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը անընդունելի է համարում Հրայր Թովմասյանի աղջիկներին հարցաքննության կանչելը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Եթե որևէ գործունեության մեջ հանցակազմ կա, ապա պատժելի է, բայց ես, տեսնելով, որ նրա աղջիկների նկատմամբ քննություն է տարվում, դա ինձ համար անընդունելի է: Եթե այսօր հիմնական խնդիրը Հրայր Թովմասյանն է, ապա խնդիր չկա, թող ներկայացնեն, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս կողմ ենք՝ թող պատժեն, բայց ես որպես հայ մարդ տեսնելով, որ աղջիկներին հարցաքննության են կանչում, դա ինձ համար անընդունելի է»,- պարզաբանեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ իրավապահ մարմինները իրենց քայլերով անհարմար վիճակում են դնում վարչապետին: Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց, թե իրավապահ մարմինների քայլերը քաղաքական հետապնդում որակո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ես չեմ կարող ասել, տեսնենք, թե ընթացքը ինչպես է կատարվում»,- ասաց նա և հիշեցրեց, որ չմասնակցեցին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը՝ պատճառաբանելով, թե հիմքերը թույլ են, և նույնիսկ ՍԴ-ն չընդունեց վարույթ:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ:

«Էդ ո՞վ է ասում, ես ուզում եմ հիմնավորած բերեն, որ լեգիտիմ չէ, մենք էլ ասենք՝ լեգիտիմ չէ, բայց այսօր ո՞վ է այդ հարցը բերել դրել: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք քննարկել, և եթե պարզվի՝ ինչ-ոչ բան կա, մենք կողմ կլինենք, բայց այսօր ամեն մեկը դատարկ-դատարկ բան է ասում և բոլորին շփոթության մեջ է գցում»,- ասաց նա: