Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մեն կղզու մրցաշարում Հայաստանի 5 շախմատիստ բարելավել է իր վարկանիշը

Բրիտանական Մեն կղզում ավարտված FIDE Chess.com Grand Swiss շախմատի մրցաշարում Հայաստանի 8 պատվիրակներից հաջող են հանդես եկել հինգը, եթե հաշվի առնենք ոչ թե նրանց վաստակած միավորներն ու գրաված տեղերը, այլ թե ինչպիսի՞ առաջընթաց են ունեցել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 11 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, ի վերջո զբաղեցրել է 4-րդ պատվավոր տեղը: Նա իր վականիշը բարելավել է 11,5 կետով:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5-ական միավորով գրավել են համապատասխանաբար 21-րդ և 37-րդ հորիզոնականները: Նրանք նույնպես բարելավել են իրենց վարկանիշը՝ +10,6 և +6,4:

ՖԻԴԵ-ի աղյուսակում առաջընթաց է գրանցել նաև Վլադիմիր Հակոբյանը (+4,0), որը վաստակած 6 միավորով բավարարվել է 50-րդ տեղով: Իսկ ահա նման արդյունք ցույց տված Գաբրիել Սարգսյանը ոչ միայն չորս հորիզոնականով ցածր տեղ է զբաղեցրել, այլև վարկանիշային միավորներ է կորցրել՝ -5,2:

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը 5,5 միավորով 104-րդն է Մեն կղզու մրցաշարում, իսկ Կարեն Մովսիսյանը 130-րդը՝ 4,5 միավորով: Իսկ ահա մեր կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը չնայած 4 միավոր է վաստակել և գրավել է 140-րդ տեղը, սակայն իր վարկանիշը բարելավել է 9,4 կետով:

Հավելենք, որ մրցաշարի 1-30-րդ տեղերը մրցանակային են: Մասնավորապես՝ 1–ին տեղը գրաված չինացի Վան Հաոն ստացել է 70 հազար դոլար պարգևավճար, 4-րդ տեղը՝ 35 հազար: 21-25-րդ տեղերը կստանան 3.000-ական դոլար:

Կանանց մրցապայքարում մրցանակային են 1-6-րդ տեղերը: Էլինա Դանիելյանը շախմատիստուհիների մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել հնդկուհի Հարիկա Դրոնավալին՝ 5,5 միավոր: