Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստացվում է՝ այն, ինչ Տ.Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դրա հետ համերաշխ եք. Է․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», բացասական եզրակացություն էր ստացել Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում:

Ըստ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ դեռևս «Ելք» խմբակցությունն էր այս նախագիծը մշակել, և այն պետք է ներկայացներ խմբակցության դեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ պատգամավորի՝ նախատեսվում է Երևանի ավագանու աշխատանքը թափանցիկ և հաշվետվողական դարձնել:

Օրինակ՝ խմբակցությունն առաջարկել էր Երևանի ավագանու խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը:

«Առաջարկում էինք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ավագանու անդամներին ընդունելու քաղաքապետի լիազորությունը ավելի հստակեցվի, և այն դարձներ եռօրյա ժամկետ, քանի որ մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ քաղաքապետի հայեցողականության այդ սեղմ ժամկետը կարող է չարաշահվել»,- նշեց պատգամավորը:

Խմբակցությունն այլ առաջարկներ էլ ուներ: Մինչ նախագիծը կդրվեր քվեարկության, խմբակցությանը ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցությանը:

«Այս նախագիծը ծնվել է «Ելքում», զարմացած եմ, թե ինչո՞ւ է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: Կոչ եմ անում կողմ քվեարկել, այն հարցերը, որոնք անհամաձայնություն են պարունակում, կարող ենք քննարկել և ուղղել: Ձեր դեմ քվեարկելով, դուրս է գալիս, որ այն ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դուք դրա հետ համերաշխ եք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Օրինագիծը դրվեց քվեարկության, այն չընդունվեց: