Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Իմ նկարները կարծես գունային էմոցիոնալ վեճեր լինեն․ Նազիկ Ասլանյան (տեսանյութ)

«Ծաղիկներ», «Արև», «Ծառեր»․ նկարների այս շարքով է ներկայանում նկարչուհի  Նազիկ Ասլանյանը։ Ինչպես ինքն է նշում ՝ իր ոգեշնչման հիմնական աղբյուրը բնությունն է։

«Իրականության բացահայտումներ» խորագիրը կրող ցուցահանդեսը հոկտեմբերի 21-30-ը ցուցադրվում է Հայաստանի Նկարիչների Միության ցուցասրահում։  Այստեղ ցուցադրվելու են նկարչուհու հատկապես վերջին երեք տարիների աշխատանքները։

Նրա կարծիքով անտեսանելի երևույթները, ինչպիսիք են՝ մտքերը, զգացմունքները, շատ ավելի կարևոր դեր են կատարում, քան այն, ինչ տեսողական է․ «Իմ նկարների գունային ընտրությունը պատահական չէ, ուզել եմ շեշտել մշտական գաղափարային հակասությունները, որոնք գոյություն ունեն և այս նկարները կարծես գունային էմոցիոնալ վեճեր լինեն»։

Ինչպես նկարչուհին է խոստովանում, մտքերն ու գաղափարները միացնելով, նա ստեղծումէ նոր պատկերներ, իսկ իրականությունը նախընտրում է  բացահայտել արվեստի, լույսի և գույնի միջոցով։

 «Ես զուգահեռ եմ անցկացնում բնության և գեղանկարչության միջև։ Բնության, մարդկային էության և կյանքի միջև։ Ծաղիկը, կարծես հենակետ լինի, որով արտահայտում  եմ մարդու անհատականությունը։ Ծաղիկը ինձ համար անսպառ գունային, գծային գաղափարների աղբյուր է։ Դիտողն ազատ է իր ընկալման մեջ, և երբ նայում է նկարին, ինքը կարծես ստեղծագործում է նկարչի հետ և  կարող է իր համար ստեղծել անկրկնելի, միայն իրեն հատուկ զգացումներ» մեկնաբանեց նա։

Նազիկ Ասլանյանի ստեղծությունները գտնվում են Հայաստանի և արտերկրի տարբեր պատկերասրահներում։ Նրա աշխատանքներին անդրադարձել են հեղինակավոր միջազգային մշակութային ամսագրեր և արվեստաբաններ։