Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացառում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին կարող էին հարցաքննության հրավիրել առանց հիմքի։

Լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով Հրայր Թովմասյանի հետ կապված քրեական գործին, ասաց՝ շատ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք Հրայր Թովմասյանը քննության ընթացքում կկարողանա՞ օգտվել ծառայողական անձեռնմխելիությունից թե ոչ։

ՍԴ լեգիտմության մասին հարցին Բադասյանը պատասխանեց, որ իրեն մտահոգում է այն ճանապարհը, որով ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել է։

«ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դա իրավունքի չարաշահման արդյունք է։ Պարոն Հարությունյանի հրաժարականի հատվածը պաշտոնավարումից 22 օր առաջ, կասկածելի հանգամանքներում, միանգամից շտապողական առաջդրումն ու նշանակումը, որ ուժի մեջ չմտնի Սահմանադրության համապատասխան դրույթը»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է նախարարը տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը՝ հաշվի առնելով նաև այն, որ նույնիսկ ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը որևէ իրավիճակ չփոխեց, Ռուստամ Բադասյանն ասաց՝ այս պահին ինքը մի տարբերակ ունի, և դա դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն է։