Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Արցախի մասին նոր ֆիլմն արդեն ԿինոՊարկի էկրաններին է

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը օրերս ներկայացրել է Արցախյան հիմանահարցի մասին պատմող «Դրախտի դարպասը» իր նոր գեղարվեստական ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել «Երևան Մոլի» «ԿինոՊարկ» կինոթատրոնում։ Փակ նախադիտմանը ներկա էին ֆիլմի հայ և արտասահմանցի պրոդյուսերները, ստեղծագործական կազմի անդամները։

Կինոնկարի համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Այս երկրներում գործող մի շարք պրոդյուսերական ընկերություններ համաձայնել են իրենց մասնակցությունն ունենալ ֆիլմի ստեղծման աշխատանքներում` աջակցելով Արցախի հիմնահարցի բարձրաձայնման և Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման գործին: 

Ֆիլմի հիմքում ընկած է գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի պատմությունը, ով 2016թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 22 տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ 

Լրագրողական հետաքննության արդյունքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները փոխադարձ սիրո զգացմունք են արթնացնում, սակայն պարզվում է` Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա` մարտի դաշտում արված լուսանկարները:

Ռոբերտ Ստերնվալի դերում հանդես է գալիս գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, ով խաղացել է մոտ հարյուր ֆիլմում, այդ թվում` Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կյանքը հիասքանչ է», Լյուկ Բեսոնի «Տաքսի» և սիրված այլ ֆիլմեր: 

«ԿինոՊարկ» կինոթատրոնը, «Նավապետ Քիդ» զվարճանքի մանկական կենտրոնը և «Երևան Մոլը» հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում, որը հիմնադրվել է 1999 թվականին, այսօր աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։