Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 11-րդ տուրի կենտրոնական խաղը: 

Աղյուսակի 2-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում հյուրընկալեց մրցաշարի միանձնյա առաջատար «Արարատին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1, չնայած նրանք հանդիպումն ավարտեցին 10 խաղացողով:

Խաղի 23-րդ րոպեին «Շիրակի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն առաջինը գրավեց հյուրերի դարպասը: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին արարատցի Ժունիոր դե Մելոն վարականգնեց հավասարությունը: 68-րդ րոպեին տանտերերը մնացին 10 խաղացողով, քանի որ կարմիր քարտով դաշտից հեռացվեց պաշտպան Մարկո Պրիյևիչը:

Չնայած թվային պակասությանը, խաղավարտից երկու րոպե առաջ շիրակցի Արամ Մուրադյանը երկրորդ անգամ գրավեց արարատցիների դարպասը: Քիչ անց տանտերերը ստացան նաև 11 մ հարվածի իրավունք, սակայն Մորի Կոնեի հարվածը Սերգեյ Ռևյակինը ետ մղեց:

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 22 միավոր և հավասարվեց «Արարատին»: Այս տուրում նրանց կարող է հասնել նաև «Արարատ-Արմենիան», որը հոկտեմբերի 21-ին խաղալու է ետնապահներից մեկի՝ «Գանձասար-Կապանի» հետ: