Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Իտալիան նույնպես մտավ եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականից հետո Իտալիայի ընտրանին դարձավ երկրորդ թիմը, որը ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Հերթական, 7-րդ տուրի խաղում, իտալացիները սեփական դաշտում 2:0 հաշվով առավելության հասան Հունաստանի նկատմամբ: Այդպիսով, «Սկուադրա աձուրան» տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 21 միավոր և անհասանելի դարձավ իրեն հետապնդողների՝ այդ թվում Հայաստանի համար: Այս՝ J խմբում, երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Ֆինլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան ու մեր հավաքականը:

D խմբի առաջատար Իռլանդիան Թբիլիսիում չկարողացավ կոտրել Վրաստանի դիմադրությունը և ստիպված բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Դանիայի ընտրանին սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթելով Շվեյցարիային, վաստակեց 12 միավոր և հավասարվեց իռլանդացիներին: Շվեյցարացիները չնայած 4 միավորով ետ են մնում առաջատարներից, սակայն մեկ խաղ քիչ են անցկացրել:

F խմբում վեց անընդմեջ հաղթանակներ տարած Իսպանիայի ընտրանին Նորվեգիայի հետ խաղում ստիված բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1, քանի որ մրցակիցը պատասխան գոլը խփեց հանդիպման վերջին րոպեին: Եզրափակիչ փուլ մտնելու համար իսպանացիներին այժմ հարկավոր է մնացած երեք խաղերում վաստակել 3 միավոր: Այստեղ երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Շվեդիան, Ռումինիան և Նորվեգիան: Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա 8-րդ տուրում, երբ առաջատար քառյակի թիմերը կպարզեն հարաբերությունները:

Հավելենք, որ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսն ազգային թիմի կազմում անցկացրել է թվով 168 հանդիպումը և այդ ցուցանիշով առաջ է անցել հավաքականի ռեկորդակիր, անվանի դարպասապահ Իկեր Կասիլյասից: