Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia - lixtenstein 12.10.
A A
Սպորտ

Լիխտենշտեյն-Հայաստան. տանտերերի «բացված ախորժակը», հյուրերի լուրջ նկրտումները

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր Վադուցում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

Սա երկու երկրների ազգային թիմերի թվով չորրորդ հակամարտությունն է: Անցած տարի Ազգերի լիգայում կայացած երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը Երևանում հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Վադուցում ոչ-ոքի էր խաղացել՝ 2:2: Այս տարի Երևանում կայացած խաղում մերոնք ավելի վստահ հաղթանակ են տարել՝ 3:0:

Լիխտենշտեյնի հավաքականը չնայած 1 միավորով եզրափակում է J խմբի աղյուսակը, սակայն տեսականորեն դեռ կարող է պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար: Դրա համար Ալպյան լեռներին լանջերից մեկի վրա գտնվող այդ գաճաճ երկրի ֆուտբոլիստները պետք է հաղթեն մնացած 4 հանդիպումներում, 2-րդ տեղում գտնվող Ֆինլանդիան տանուլ տա իր բոլոր խաղերը, իսկ Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան ու Հունաստանը հնարավորին շատ միավորներ կորրցնեն:

Լիխտենշտեյնի կենտրոնական թերթի՝ Volksblatt-ի նախնական ռեպորտաժում լրագրող Յան Ստարկերը նշել է, որ Հունաստանի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց հետո կարելի է մտածել Հայաստանին հաղթելու մասին, որը կլինի առաջին մեծ հաջողությունը վերջին ութ տարվա ընթացքում, քանի որ Եվրոպայի ընտրական փուլում երկրի հավաքականը սեփական դաշտում վերջին անգամ հաղթել է 2011թ հունիսի 3-ին, Լիտվային՝ 2:0: Նա կարծում է, որ այսօր Իտալիան միանշանակ կհաղթի Հունաստանին, և իր հայրենակիցները կկարողանան շրջանցել հույներին:

Հայաստանի հավաքականը Բոսնիա և Հերցեգովինային հաղթելուց հետո վաստակել է 9 միավոր և մրցակցի համեմատ տասնյակ անգամ շատ հնարավորություններ ունի Եվրո-2020 ուղեգիր նվաճելու համար: Դրա համար առաջին հերթին հարկավոր է չսայթաքել Վադուցի խոնավ խաղադաշտում և երեք միավոր վաստակել այսօրվա խաղում: Բուքմեյքերները լիովին հավատում են մեր թիմի հաղթանակին (1.30 գործակից), սակայն դրան հասնելու ճանապարհին կա մեկ լուրջ խնդիր. վնասվածքի պատճառով խաղին չի կարող մասնակցել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի, թիմի «ուղեղն» է և առաջ տանողը: Մասնագետը հույս ունի, որ այդ կորուստը կհամախմբի մնացած ֆուտբոլիստներին, և նրանք լավ խաղ կցուցադրեն:

Այսօրվա հանդիպումը, ինքնին, ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, սակայն «փոքր» ընտրանիները միշտ էլ ձգտում են անակնկալներ մատուցել «մեծերին», ինչը ֆուտբոլային աշխարհում նրանց աչքի ընկնելու միակ միջոցն է: Այնպես որ, մեր հավաքականին բավականին բարդ խաղ է սպասվում Վադուցում, չնայած ըստ բուքմեյքերների հանդիսանում է հանդիպման ընդգծված ֆավորիտը:

Նշենք, որ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: