Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Անգլիան կրեց առաջին պարտությունը, իսկ կազմակերպիչ երկիրը դուրս մնաց ընտրական փուլից

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարում կայացան հերթական հանդիպումները:

A խմբի ընդգծված առաջատար Անգլիայի հավաքականն արտագնա խաղում անսպասելի զիջեց Չեխիայի ընտրանուն՝ 1:2: Այդ հաղթանակը չեխերին հնարավորություն տվեց հավասարվել հենց անգլիացիներին: Երկու թիմերն այժմ ունեն 12-ական միավոր: Նրանց հաջորդող Կոսովոն 8 միավոր ունի, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել:

B խմբի աղյուսակը գլխավորող Ուկրաինայի հավաքականն իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Լատվիային և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Եզրափակիչ փուլ մտնելու համար ուկրաինացիներին հարկավոր է մնացած երկու խաղերում վաստակել ընդամենը մեկ միավոր: Երկրորդ տեղում գտնվող Պորտուգալիան իր հարկի տակ վստահ հաղթեց Լյուքսեմբուրգին՝ 3:0: Պորտուգալացիներին Եվրո-2020-ից դեռևս բաժանում է 6 միավոր:

H խմբի երկու առաջատարները՝ Ֆրանսիայի և Թուրքիայի հավաքականները, ընթացիկ 7-րդ տուրում միևնույն 1:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Իսլանդիայի և Ալբանիայի ընտրանիներին: Երկու թիմերն էլ վաստակել են 18-ական միավոր և այժմ վեց միավորով են առաջ Իսլանդիայից:

Նշենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ 12 երկրներից մեկն արդեն դուրս է մնացել ընտրական փուլից: Դա Ադրբեջանն է, որի հավաքականն իր խմբում այլևս շանս չունի զբաղեցնելու անգամ անցումային 2-րդ տեղը: