Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ցայտնոտի պատճառով ոչ-ոքի խաղաց Նիյատ Աբասովի հետ

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի խոշոր միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան 2-րդ տուրի պարտիաները:

Մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Նիյատ Աբասովի հետ: Նա միջնախաղում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն ցայտնոտի պատճառով չկարողացավ պահպանել այն և 47-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեց: Լևոն Արոնյանը վաստակած մեկ միավորով առայժմ գտնվում է միջին դիրքերում:

Մրցաշարը հաղթանակով մեկնարկած Հրանտ Մելքումյանն այսօր սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթեցին իրենց մրցակիցներին և նույնպես վաստակեցին 1,5-ական միավոր:

Առաջին հաղթանակը տոնեց մեր միակ կին ներկայացուցիչը՝ տղամարդկանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը գեղեցիկ ոճով պարտության մատնեց հնդիկ շախմատիստ Սետուրամանին: