Շախմատի պատանիների ԱԱ. Շանթ Սարգսյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի ունեցող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում Շանթ Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակած 8 միավորով զբաղեցնում 2-րդ տեղը: Աղյուսակը շարունակում է գլխավորել հնդիկ գրոսմայստեր Պրագանանդհան, որը նույնպես հաղթեց իր մրցակցին և պահպանեց կես միավորի առավելությունը:
Շանթ Սարգսյանը լավ հնարավորություն ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրա համար հարկավոր է վերջին տուրում հաղթել հնդիկ միջազգային վարպետ Արջուն Կալյանին և հուսալ, որ առաջատարը գոնե կես միավոր կկորցնի:
Տարիքային նույն խմբում հանդես եկող Արթուր Դավթյանն այսօր պարտության մատնեց ավստրիացի Ֆելիքս Բլոհբերգերին և վաստակեց 7 միավոր: Նա կպայքարի մրցանակային 3-րդ տեղի համար:
Իսկ ահա մեդալների հավակնող մեր միակ շախմատիստուհին՝ 14-ամյա Աստղիկ Հակոբյանը, ավաղ, երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և զրկվեց մրցանակային տեղ գրավելու շանսից: Մեր մնացած շախմատիստները վաղուց էին դուրս մնացել մեդալների համար պայքարից: