Որպեսզի խորհրդարանը չդառնա «Երևանի ազգային ժողով»․ պատգամավորն առաջարկում է մարզերից մարդկանց ներգրավել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ այսօր «Օպերա Սյութ» հյուրանոցում քննարկում էր կազմակերպվել քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության թեմայով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սոցիալական և առողջապահական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանի համար քաղաքականությունը կրեդիտի նման է․ «Տալիս, տալիս, տալիս ես, հետո ստանում ես»։
«Ինչպես ես ստացա՝ եկա Ազգային ժողով»,- նշեց պատգամավորը։
Գրիգորյանն ասաց նաև, թե քանի որ նախարարներից կին է միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, և լինելով՝ ԱԺ ՍԱ հանձնաժողովի անդամ՝ իր համար դժվար է քննադատել «այդ միակ կին նախարարին»։ Գրիգորյանը հավելեց, որ 2012-ից սկսած տարիներ շարունակ նպաստել է նրան, որ կանայք մտնեն քաղաքականություն։
«Կառավարությունն ինքը պետք է գործնական քայլեր կատարի․ նշանակի կին մարզպետ, նշանակի կին նախարար։ Այո՛, իրավամբ նշվեց, որ մենք ունենք բավականին հզոր կանանց պոտենցիալ, ուրեմն ի՞նչն է խանգարում, որպեսզի ունենանք ֆինանսական ոլորտներում ու մնացած ոլորտներում կանանց ներգրավվածություն և կին փոխվարչապետ։ Ի՞նչն է խանգարում, չի խանգարում․ դա կարող է անել կառավարությունը»,- շարունակեց Սրբուհի Գրիգորյանը։
Պատգամավորը մի շարք առաջարկներ ունի քվոտաների հետ կապված․ կանանց և տղամարդկանց քվոտաներ պետք է լինեն մարզերից, որպեսզի խորհրդարանը «չդառնա Երևանի ազգային ժողովը»։
«Քվոտաներ կառավարությունում․ նախարարություններ, այո՛, դիվանագիտական կորպուսում կանանց ներգրավելու համար։ Ես առաջարկում եմ նաև կուսակցության կառավարող խորհրդի 1/3-ն առնվազն լինեն կանայք, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի նաև կուսակցության խորհուրդներում։ Եվ այն կուսակցությունները, որոնք շատ մեծ թվով կանայք ունեն իրենց կազմում, կարծում եմ, որ նաև խթանելու համար պետք է նաև պետության կողմից օժանդակություն ստանան»,- եզրափակեց ԼՀ պատգամավորը։