Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Թումանյանական հերոսներն այսօր էլ ապրում են մեր կողքին․ սա է Թումանյանի տաղանդը․ Նունե Սարգսյան

Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում այսօր բացվեց «Արևելք- Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հիքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է մեծ գրողի անունը կրող տուն թանգարանը: Գիտաժողովին մասնակցում էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: 

«Ասում են՝ մանկագիրները մտածում են ինչպես փոքրիկները, դրա համար են նրանք մանկագիր: Դա այդպես չէ: Մանկագիրները չեն մտածում ինչպես փոքրիկները, մենք փորձում ենք պարզել ու հասկանալ, թե ինչ են սպասում մեզանից փոքրիկ, հրաշալի մանուկները, և խոսել նրանց լեզվով: Նրանք կարծես այլմոլորակայիններ լինեն: Նրանք ունեն իրենց այլմոլորակային լեզուն, դրա համար մենք պետք է սովորենք նրանց այլմոլորակային լեզուն և նրանց մատուցենք պատմություններ, որը հրաշալի գործ է»- ասաց տիկինը Սարգսյանը և հավելեց, որ երջանիկ է, քանի որ իրեն հաջողվել է ստեղծել պատմություններ, որոնք կարծես թե երեխաները հավանել են ու սիրել:

«Մեծ ուրախություն էր, երբ պարզվեց, որ մի գրադարանում գրքերը մաշվել են, պատառոտվել են, ինչն ամենամեծ կոմպլիմենտն է հեղինակի համար»:

Նրա խոսքով, թարգմանել մանկական գրականությունն առավել դժվար է, որովհետև  երեխաների համար թարգմանելը հատուկ արվեստ է: Թարգմանության գործը կարող է լինել արհեստ, կարող է լինել արվեստ և կարող է լինել միսիա: Եվ հենց այդ միսիան է, որ կատարում են մանկական գրքերի թարգմանիչները: Նրանք պետք է իմանան այլմոլորակային լեզուն, որպեսզի կարողանան երեխաներին հասցնել պատգամը՝ լինել բարի, չլինել ագահ, կարողանալ կիսվել: 

Մանկագիրը պետք է կարողանա կրթել: 

Անդրադառնալով Թումանյանի հեքիաթներին՝ տիկին Նունե Սարգսյանն ընդգծեց, որ նրանք որքան մատչելի են մանուկների համար, նույնքան և հետաքրքիր են մեծերին: Որպես օրինակ նա բերեց Քաջ Նազարի պատմությունը՝ ասելով, որ այն նաև մեր կյանքում է պատահում, իսկ թումանյանական հերոսներն այսօր էլ ապրում են մեր կողքին: Եվ սա է Թումանյանի տաղանդը: 

Ինչ վերաբերում է Թումանյանի հեքիաթներում հանդիպող սարսափներին, տիկին Սարգսյանն ասաց, որ սարսափելի դրվագներ կան բոլոր հեքիաթասացների պատմություններում և բացատրելի են: 

«Առաջ չի եղել հեռուստատեսություն, գրքեր, սարսափ ֆիլմեր, իսկ մարդկանց մեջ, պարզվում է, որ կա ինչ որ ջիղ, որ սիրում է սարսափը: Այն ադրենալին է ասես տալիս, և մեծահասակներն ավելի շատ են սիրում այս պատմությունները: Թերևս դա էլ դաստիարակելու, կոփելու մի ձև է, որովհետև աշխարհում միայն հրաշքներ չէ, որ կան: Կան դժվար պահեր, կան սարսափելի մարդիկ, կան թշնամիներ: Ես մանկական հոգեբան չեմ, բայց կարծում եմ, որ սա պատրաստում է մանուկներին աշխարհի դժվարություններին»:

Տիկին Նունե Սարգսյանն ուրախ է, որ գիտաժողվին հայտնի և հետաքրքիր հյուրեր են ժամանել, քանի որ գիտաժողովի յուրաքանչյուր մասնակից իր զեկույցով կհարստացնի մյուսներին:

 «Օրինակ Պետերբուրգից եկել է մի հետաքրքիր անձնավորություն, որը աշխատում է «Մանուկների ինստիտուտում»: Հրաշալի կլիներ, եթե մենք էլ ունենանք նման կազմակերպություն և եկեք մտածենք դրա մասին, քանի որ մեր երեխաները մեր ապագան են, մեր նոր սերունդն են, որոնց պետք է կրթել և մեկ քայլ մեզնից առավել բարձրացնել, քանի որ աշխարհը փոխվում է, ամեն ինչ արագանում է, ավելի զարգանում է: Եվ նոր սերունդը պետք է լինի ավելի առաջադեմ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»: