Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Յուվենթուսն» ու «Վոլֆսբուրգը»՝ Եվրոպայի անպարտելի թիմեր

Անցած շաբաթ-կիրակի օրերին Եվրոպայի ֆուտբոլի թոփ-5 առաջնություններում կայացած խաղերից հետո անպարտելի մնացին երկու թիմ: Դրանք են իտալական «Յուվենթուսն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»:

Իտալիայի չեմպիոնը Ա սերիայի 7-րդ տուրում առաջին պարտությունը հասցրեց Միլանի «Ինտերին», որի արդյունքում դարձավ միակ անպատելին ընթացիկ առաջնությունում: Եթե հաշվի առնենք, որ թուրինցիները չեն պարտվել նաև չեմպիոնների լիգայում (1-ական հաղթանակ և ոչ-ոքի), ապա նրանք արդեն անպարտելի են պաշտոնական 9 խաղերում:

Գերմանիայի Բունդեսլիգայում միակ անպարտելի թիմը «Վոլֆսբուրգն» է, որը 7-րդ տուրում 1:0 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին» և շրջանցել Մյունխենի «Բավարիային», որը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանից բաց թողած երկու գոլերի պատճառով սեփական դաշտում 1:2 հաշվով զիջեց «Հոֆենհայմին» և կրեց առաջին պարտությունը: «Վոլֆսբուրգը» հաջող է հանդես գալիս նաև Եվրոպայի լիգայում, որտեղ նույնպես պարտություն չի կրել:

Ինչ վերաբերում է Անգլիայի պրեմիեր լիգայի ընդգծված առաջատար «Լիվերպուլին», որը առաջնության 8-րդ տուրում տարավ իր 8-րդ անընդմեջ հաղթանակը, ապա չեմպիոնների լիգայում այն պարտվել է իտալական «Նապոլիին» (0:2):

Մադրիդի «Ռեալը» նույնպես անպարտելի է ազգային առաջնությունում (5 հաղթանակ, 3՝ ոչ-ոքի), սակայն չեմպիոնների լիգայում տանուլ է տվել Փարիզի «ՊՍԺ»-ին (0:3):

Ֆրանսիայի առաջնությունում անպարտելի թիմ չի մնացել, ավելին, բոլոր մասնակիցներն էլ կրել են 2 և ավելի պարտություններ:

Հավելենք, որ Եվրոպայի ֆուտբոլի թոփ-5 առաջնությունների հաջորդ վիք-ենդը տեղի կունենա հոկտեմբերի 19-20-ին, քանի որ առաջիկա օրերին կանցկացվեն Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրի խաղերը: