Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+siti
A A
Սպորտ

«Փյունիկին» ջախջախած «Վուլվերհեմփթոնը» հաղթում է անպարտելի «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում գրանցվեց ամենախոշոր անակնկալը: Մրցաշարի ետնապահներից մեկը՝ «Վուլվերհեմփթոնը», որը Եվրոպայի լիգային որակավորման փուլում պարզապես ջախջախեց Երևանի «Փյունիկին» (4:0, 4:0), հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է սեփական դաշտում անպարտելիի համբավ ձեռք բերած «Մանչեսթեր Սիթիին»:

«Քաղաքացիները» մինչ այդ այս տարի իրենց հարկի տակ ընդհանուր առմամբ անցկացրել էին 21 հանդիպում, որոնցից 20-ում հաղթանակ էին տարել, և միայն մեկն ոչ-ոքի ավարտել («Տոտենհեմի» հետ՝ 2:2): Ինչ վերաբերում է սեփական դաշտում գոլ չխփելուն, ապա Պեպ Գվարդիոլայի սաները վերջին անգամ երկրպագուներին չէին ուրախացնել անցած տարվա մայիսի 6-ին, երբ գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել «Հադերսֆիլդի» հետ:

Ուշագրավն այն է, որ «Մանչեսթեր Սիթին» այսօրվա խաղում կատարել է 18 հարված, սակայն դրանցից միայն 2-ն են դարպասի ուղղությամբ եղել: Իսկ ահա «Վուլվերհեմփթոնի» երկու դիպուկ հարվածները հասել են նպատակին, իսկ մնացած 5-ը շեղ են ստացվել:

«Մանչեսթեր Սիթիի» պարտությունը մեծ անակնկալ է, քանի որ բուքմեյքերները նրանց հաղթանակի համար սահմանել էին 1,12 գործակից, իսկ «գայլերի» համար՝ 21,00: