Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess junior
A A
Սպորտ

Հայաստանի պատանի շախմատիստները աշխարհի առաջնությունում նոր հաղթանակներ են տարել

Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկած շախմատի մինչև 14, 16, 18 տարեկանների  աշխարհի առաջնությունում երեկ կայացել են 2-3-րդ տուրերի պարտիաները:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում գրոսմասյտեր Շանթ Սարգսյանը նախ հաղթեց չինացի Վան Սիքյսւին, ապա ոչ-ոքի խաղաց հնդիկ միջազգային վարպետ Միտալ Ադիտյայի հետ: Նա վաստակած 2,5 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: 

Նույն տարիքային խմբում հանդես եկող միջազգային վարպետ Արթուր Դավթյանը 2-րդ տուրում հաղթել է Վրաստանը ներկայացնող Գիրոգի Էլաշվիլուն, ապա հաշտություն կնքել հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդայի հետ: Նա նույնպես ունի 2,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:  

Մեր մյուս շախմատիստներից լավ է մեկնարկել նաև Մամիկոն Ղարիբյանը, որը մինչև 16 տարեկանների ենթախմբում 3 հնարավորից վաստակել է 2,5 միավոր և այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:

Երեկ բոլորից հաջող հանդես եկավ Արսեն Դավթյանը, որը մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում մեկնարկային պարտությունից կրելուց հետո տարավ երկու անընդմեջ հաղթանակ և կտրուկ բարելավեց իր մրցաշարային գործերը: Այժմ նա 2 միավորով ընթանում է 39-րդ հորիզոնականում:     

Աղջիկների մրցաշարում հանդես վստահ է հանդես գալիս Աստղիկ Հակոբյանը (Մ-14), որը իր անվան դիմաց գրանցել է 2,5 միավոր և ներկայումս 8-րդն է մինչև 14 տարեկան աղջնակների պայքարում: Սրբուհի Սարգսյանը (Մ-16) մեկ միավորով 52-րդն է, իսկ Աննա Խաչատրյանը (Մ-18) 2 միավորով 18-րդ տեղում է:

Այսօր տեղի կունենան միայն 4-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով կհանդիպի գերմանացի միջազգային վարպետ Վալենտին Բուկելսի հետ: Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով կմրցի Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Ստեֆան Պողոսյանի հետ: