«Արարատ-Արմենիա»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2019թ Սուպերգավաթի հանդիպումը։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթելով գավաթակիր «Ալաշկերտին», առաջին անգամ տիրեց այդ մրցանակին։
Հյուրերի կարգավիճակով հանդես եկող ալաշկերտցիները հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց երկու դեպքում էլ չկարողացան պահպանել առավելությունը, ընդ որում արարատ-արմենիացիները երկրորդ փրկարար գոլը խփեցին խաղավերջում, մրցավարի կողմից ավալացված ժամանակի վերջին րոպեին:
Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Հանդիպման 111-րդ րոպեին փոխարինման մտած Մաիլսոն Լիման երրորդ անգամ գրավեց գավաթակրի դարպասը և այդպիսով վճռեց խաղի ելքը:
Հարկ է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ սուպերգավաթի հանդիպման մուտքը վճարովի էր դարձրել: Դա, իհարկե, գովելի է, քանի որ նման կարգի խաղերը ընդհանրապես չպետք է անվճար լինեն: Սակայն կա մեկ բայց…
Ֆուտբոլային երկրներում սուպերգավաթի հանդիպումներով հիմնականում մեկնարկում են նոր մրցաշրջանները: Մեզ մոտ տարիներ շարունակ այն անցկացվում է սեպտեմբերի 24-ին, երբ Հայաստանի առաջնությունը ընթացքի մեջ է և թիմերը զբաղված են մրցաշարային գործերով: Արդյունքում, սուպերգավաթի հանդիպումը խառնվում է առաջնության խաղերի հետ և կորցնում է իր առանձնահատկությունը:
Բնականաբար հարց է ծագում, ինչու է ՀՖՖ սուպերգավաթն անցկացնում այսօր: Բանն այն է, որ սեպտեմբերի 24-ին ծնվել է նախկինում հայտնի ֆուտբոլային մեցենատ Հակոբ Տոնոյանը, որի անունով է կոչվում մրցանակը, քանի որ այն պատրաստել են նրա որդիները: 1990-ականներին այն հիմնականում խաղարկում էին մրցաշրջանի ավարտից հետո, երբ արդեն խորը աշուն էր և եղանակները բարենպաստ չէին ֆուտբոլ խաղալու համար: Հետո որոշ ժամանակ այն անցկացնում էին մայիսի 9-ին կամ 27-ին, որպես մայիսյան տոների մի մասնիկ: 2007թ սկսած ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ այն անցկացվում է սեպտեմբերի 24-ին:
Ավաղ, մենք դեռրս չենք ցանկանում հետևել ֆուտբոլային երկրների օրինակին և սուպերգավաթը կազմակերպել մրցաշրջանի մեկնարկից մեկ շաբաթ առաջ, հանգստյան օրերին, որպեսզի այն վերածվի իսկական ֆուտբոլային տոնի: Կարծում ենք, որ սուպերգավաթի օրվա փոփոխությունը չի ոտնահարի Հակոբ Տոնոյանի հիշատակը, հակառակը, այն ավելի նպատակային կդառնա և կնպաստի ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը: