Չեմպիոնների լիգա. «Նապոլին» ծնկի է բերում գործող գավաթակիր «Լիվերպուլին»
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2019-20թ խաղարկության խմբային փուլի մեկնարկային 8 հանդիպումներում գրանցվեցին մի քանի անակնկալներ:
Նախ գործող գավաթակիր «Լիվերպուլը» Իտալիայում 0:2 հաշվով պարտություն կրեց «Նապոլիից»: Երկրորդ՝ իտալական «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում չկարողացավ հաղթել իր խմբի ընդգված հետնապահ Պրահայի «Սլավիային»՝ 1:1:
Երրորդ՝ Լոնդոնի «Չելսին» իր պատմության մեջ առաջին անգամ պարտությունով մեկնարկեց եվրոգավաթներում՝ սեփական հարկի տակ զիջելով իսպանական «Վալենսիային»՝ 0:1: Չորրորդ՝ ֆրանսիական «Լիոնը», որը ֆավորիտ էր համարվում ռուսական «Զենիթի» հետ խաղում, նույնպես բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1:
Անակնկալ կարող էր գրանցվել նաև «Բորուսիա» (Դորտմունդ) - «Բարսելոնա» խաղում, եթե տանտերերի ավագ Մարկո Ռոյսը 57-րդ րոպեին իրացներ 11մ հարվածը: Սակայն Իսպանիայի չեմպիոնի դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե տեր-Շտեգենը ետ մղեց իր հայրենակցի կատարած երկու հարվածները: Արդյունքում՝ գրանցվեց առաջին գոլազուրկ ոչ-ոքին:
Մնացած հանդիպումներում ֆավորիտները հաստատեցին իրենց բարձր կարգը: Ավստրիայի չեմպիոն «ՌԲ Զալցբուրգը» սեփական դաշտում ջախջախեց բելգիական «Գենտին»՝ 6:2: Տանտերերի կազմում հեթ-տրիկ գրանցեց 20-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Բյորն Հոլանդը:
Հոլանդիայի չեմպիոն «Այաքսն» իր հարկի տակ երեք անպատասխան գոլ խփեց ֆրանսիական «Լիլին»: Գերմանիայի «ՌԲ Լայպցիգը» ի հաշիվ Տինո Վերների խփած դուբլի հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկային» և սկսեց գլխավորել աղյուսակը (խմբի մյուս երկու թիմերը՝ «Լիոնն» ու «Զենիթը», նախապես ոչ-ոքի էին խաղացել):