Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը գրավ վճարելու համար պետք է պարտք վերցնի (տեսանյութ)

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում իր ելույթի ժամանակ նշեց՝ ինքը դատաքննությունից չի փախչում․

«Եթե փախչողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ խմելուց կլինեին։ Ինձ համար իրոք վիրավորական է, որ ես ստիպված եմ սա ասել, քանի որ մարդու կենսագրություն ավելի լավ է խոսում իր մասին, քան այն հայտարարությունը, որ կարող է նա անել»։

Անդրադառնալով կալանքի տակ չլինելու դեպքում իր՝ դատաքննության վրա ազդելուն՝ Քոչարյանն ասաց, որ գործում կա իր հետ ընդամենը 2-3 դրվագ, որ ուսումնասիրելիս, ըստ նրա, դատավորը կարող է հասկանալ, թե ինքը չի կարող ազդել քննության ընթացքի վրա։

«Առաջինն իմ հանդիպումն է Բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում՝ փետրվարի 23-ին։ Ներկա է եղել մոտ 25 մարդ։ Քննարկում չի եղել, ուղղակի ես ելույթ եմ ունեցել։ Կան այդ 12 հոգու ցուցմունքները։ Հարցաքննվել են 12-13 հոգի։

Կա ևս 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում ինձ հետ կապ են ունեցել։ 850 վկաներից միայն այս մարդիկ են, որոնք այդ օրերին ինձ տեսել են և խոսել են ինձ հետ։

Այդ մարդկանցից մեկը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ ես քննարկել և համաձայնեցրել եմ արտակարգ դրության հրամանագիրը։ Նաև զանգել եմ Սերժ Սարգսյանին՝ որպես վարչապետ, համաձայնեցրել եմ հրամանագիրը։ Մյուսը ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է, որն իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել իր որոշ գործողությունների մասին։ Արմեն Գևորգյանն է, որին հանձնարարվել էր  արտակարգ դրության մասին հրամանգիրը պատրաստել։

Բացի հայտնի Արշակ Կարապետյանից, որը, ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը 1 նախադասություն է ասել, որն իրականությանը չի համապատասխանում, թե իբրև ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին»,- նշեց նա՝ հավելելով, որ դա աբսուրդ է, քանի որ բանավոր արտակարգ դրություն չի լինում։

Ըստ նրա՝ նշված ցուցմունքները հաշվի առնելով՝ ինքը չի հասկանում, թե ինչի կամ ում վրա կարող է ազդել՝ ազատության մեջ գտնվելով։

Գրավին անդրադառնալով՝ Քոչարյանն ասաց, որ իր և իր ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, ուստի ինքը գրավը վճարելու համար պիտի պարտք վերցնի։

«Եթե ապասառեցնում եք իմ հաշիվները, դա մի վիճակ է, եթե չեք ապասառեցնում, մեկ այլ  իրավիճակ է։ Ի՞նչ եք մտադրված անել։ Փաստն այն է, որ և իմ և իմ ընտանիքի հաշիվները սառեցված են։ Ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, մեկից վերցնեմ։ Ես կյանքում պարտքեր չեմ արել։ Դուք որոշեք։ Հիմա, եթե ապասառեցնում եք, այլ գումար է, եթե չեք ապասառեցնում, այլ գումար է»,- ասաց նա։