Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Հասարակություն

Դատարանի որոշման պատճառը երեկվա ուղիղ սպառնալիքներն էին Սահմանադրական դատարանի հասցեին․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ քիչ առաջ դատարանի կողմից կայացված որոշման պատճառ է դարձել երեկ հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարություններն ու ուղիղ սպառնալիքները Սահմանադրական դատարանի հասցեին։

«Բայց դրանք, լինելով սպառնալիք Սահմանադրական դատարանի հասցեին, իրենց էությամբ նաեւ դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետև այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է, անօրինական է։ Դրանով իսկ դատարանին, եւ մասնավորապես Ձեզ, հարգելի դատավոր, իրենք ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ»։

Ալումյանը նշեց, որ սա առաջին դեպքը չի, երբ վճռորոշ դատական որոշում կայացնելու նախորդ օրը բարձրաստիճան պաշտոնատար անձինք խառնվում են դատարանի որոշումներին՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործով։

Դիմելով դատավորին՝ Ալումյանը նշեց․

«Համոզված եմ, որ Դուք, որպես դատավոր, չեք կարող Ձեզ վրա չզգալ այդ անհավասարակշռված հայտարարությունների ճնշումը, եւ Ձեր որոշման վրա չէին կարող չազդել երեկ տեղի ունեցած իրադարձությունը»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը։