Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga cempion
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի աշխարհի ամենաթանկ մրցաշարը՝ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգան (տեսանյութ)

Այսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2019-20թ խաղարկության խմբային փուլը: Նախատեսված 8 հանդիպումներից երեքը դասվում են թոփ խաղերի թվին. «Նապոլի» - «Լիվերպուլ», «Բորուսիա» (Դորտմունդ) - «Բարսելոնա», «Չելսի» - «Վալենսիա»:

Իտալիայի փոխչեմպիոնը նախորդ մրցաշարի խմբային փուլում քիչ էր մնում դուրս թողեր ապագա գավաթակրին, սակայն վերջին խաղում 0:1 հաշվով պարտվել էր հենց անգլիացիներին և միայն խփած գնդակներով էր զբաղեցրել 3-րդ ոչ անցումային տեղը:

Դորտմունդի «Բորուսիան» ու «Բարսելոնան» չնայած շատ անգամ են հանդես եկել չեմպիոնների լիգայում, սակայն այսօր առաջին անգամ են խաղալու իրար դեմ:

«Չելսին» ու «Վալենսիան» նախկինում 6 անգամ հանդիպել են իրար հետ: Անգլիացիները դեռևս ոչ մի խաղում չեն զիջել «չղջիկներին»:

Բուքմեյքերներն ամենացածր գործակից սահմանել են «Ինտեր» - «Սլավիա», «ՌԲ Զալցբուրգ» - «Գենտ» և «Այաքս» - «Լիլ» հանդիպումների համար (դաշտի տերերի հաղթանակը գնահատել են 1,40 - 1,45 գործակից): «Լիոն» - «Զենիթ» խաղում դրանք նույնպես հավատում են տանտերերի հաղթանակին, իսկ ահա «Բենֆիկա» - «ՌԲ Լայպցիգ» մրցախաղում ավելի շատ հավատում են հյուրերին:

Այսօրվա խաղերում հայկական «հետք» ունեն միայն երկուսը: Դորտմունդի «Բորուսիայում» նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականի ներկայիս ավագ Հենրիխ Մխիթարյանը, իսկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» ժամանակին խաղացել են մեր հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն ու դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիկ խմբային փուլին մասնակցող բոլոր թիմերի ընդհանուր արժեքը կազմում է 16,04 մլրդ եվրո, ինչը նոր ռեկորդ է մրցաշարի համար: