Բացել լրահոսը Փակել լրահոսը
օձ
A A
Տնտեսություն Հասարակություն

Հայաստանի վերացող սողունների բազմացման կենտրոն է բացվել (տեսանյութ)

Հայաստանում՝ Կոտայքի մարզում բացվում է սողունների պահպանման և բազմացման կենտրոն։ ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքի կենդանաբանական այգու և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համագործակցության արդյունքն է։

Բազմացման կենտրոնում կպահվեն Հայաստանի բնաշխարհի հազվագյուտ և անհետացող՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներ․Դարևսկու իժ, երևանյան լեռնատափաստանային իժ, հայկական կամ Ռադդեի իժ, միջերկրածովյան կրիա։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության թանգարանի վարիչ, բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Լևոն Աղասյանի խոսքով՝ կենտրոնը բացառիկ է և միակը մեր երկրում։
«Այստեղ այն տեսակներն են, որոնց բնական վերարտադրությունը բնության մեջ վտանգված է։ Ամբողջ իմաստը կայանում է այդ տեսակների գենոֆոնդի պահպանության մեջ, որպեսզի նրանք չվերանան»,- նշեց Լևոն Աղասյանը։

Ըստ նրա՝  կենդանատեսակներն անհետացման եզրին կանգնել են մարդկային գործոնի  հետևանքով
«Այս պահին, իհարկե, իրավիճակն ավելի բարվոք է, բայց շատ մարդիկ ոչ լեգալ զբաղվել են կենդանիների առք ու վաճառքով։ Ազդեցություն ունի նաև կլիմայական փոփոխությունը։ Սա առավելապես վերաբերում է բարձր լեռնային գոտիներում ապրող սողուններին, որոնք հարմարվել են ապրել նեղ արիալային տարածքներում, այսինքն՝ կոնկրետ այն վայրերում, որտեղ իրենց ապրելու և վերարտադրվելու բնական տարածքն է»։

Աղասյանի խոսքով Սենթ Լուիսի կենդանաբանական այգին նախատեսված է ոչ միայն կենդանիների ցուցադրության համար, այլև լուրջ գիտական հետազոտությունների։ Սա այն լավագույն վայրերից է, որտեղ խորապես զբաղվում են կարմիր գրքում ներառված սողունների պահման և բազմացման հարցերով։

Սողունագետ Կարեն Մարտիրոսյանն ասում է՝ այս արժեքավոր կառույցի նմանը չկա անգամ տարածաշրջանում։
«Այն կենդանիները, որոնք ներկայացված են այստեղ՝ բնության մեջ իսկապես հազվադեպ են հանդիպում և վտանգված է նրանց բազմացումը։ Սա արժևորում են ոչ միայն մեր հանրապետության, այլև համաշխարհային մասնագետները, որովհետև էնդեմիկ տեսակներ են։ Այստեղ է նաև Դարևսկու իժը, որը լոկալ էնդեմիկ է, այսինքն՝ միայն Հայաստանում է հանդիպում և նրա հետագա կյանքը բնության մեջ շատ վտանգված է»,- նշեց Մարտիրոսյանը։

Այս պահին կենտրոնում պահվողները մեծամասամբ օձակորյուններ են (օձի ձագեր), բազմացումից հետո նրանք կվերադառնան մայր բնություն։