Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020-ի հերթական վեցօրյակը խառնեց հավաքականների խաղաքարտերը

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում կայացավ հերթական վեցօրյակը, որի ընթացքում կայացան 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները:

Այս անգամ երկուական հաղթանակներ տարան 10 երկրների հավաքականներ: Դրանք են Անգլիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Իսպանիան, Սլովենիան, Թուրքիան, Ֆրանսիան, Բելգիան, Ռուսաստանը և Իտալիան: Իսկ ահա 10 ազգային թիմեր կրեցին երկուական պարտություններ: Մասնավորապես, անհաջող հանդես եկավ Շոտլանդիայի ընտրանին, որը ձախողեց տնային երկու խաղերը և միանգամից նահանջեց նախավերջին 5-րդ հորիզոնական:

Ընտրական խմբերից առավել խառն իրավիճակ է ստեղծվել G խմբում, որտեղ 2 ուղեգրերի համար դեռ պայքարում են 5 թիմեր: Լուրջ մրցակցություն է սպասվում նաեւ C խմբում, որտեղ 4 հավաքականներ ունեն հավասար հնարավորություններ: Իսկ ահա I խմբում ամեն ինչ արդեն որոշված է, քանի որ Բելգիան ու Ռուսաստանը բավականին առաջ են պոկվել իրենց մրցակիցներից և նրանց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ:

Հայաստանի հավաքականը չնայած 5-րդ տուրում պարտվեց Իտալիային (1:3), սակայն 6-րդում վստահ հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային (4:2), վաստակեց 9 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: Այժմ մեր թիմին անցումային 2-րդ հորիզոնականից բաժանում է ընդամենը 3 միավոր: 

Հաջորդ վեցօրյակի ընթացքում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Լիխտենշտայնի և Ֆինլանդիայի ընտրանիների հետ: Այդ խաղերը կկայանան հոկտեմբերին: Հաղթանակների դեպքում մերոնք նվազագույնը կհավասարվեն 2-րդ տեղում ընթացող ֆիններին, իսկ լավագույն դեպքում կարող են առաջ անցնել 3 միավորով:

Ինչևէ, եկող ամիս մեզ սպասում են բավական հետաքրքիր հակամարտություններ, քանի որ դրանցից հետո հայտնի կդառնան ուղեգրերի հիմնական թեկնածուներն ու Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին անհաջողակները: