Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world cup (1)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստներն անհաջող մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում այսօր մեկնարկեց տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 1/64 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց եգիպտացի Էսամ Էլ Գինդիի հետ: Միավորը կիսեց նաեւ Սերգեյ Մովսեսյանը, որն առաջին մրցախաղում հաշտություն կնքեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ:

Իսկ ահա Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը սեւերով պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, իսկ նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով զիջեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյին:

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սեւյանը հաղթեց նորվեգացի Արիան Տարիին, իսկ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի ավարտեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ հանդիպումը:

Այս փուլի երկրորդ պարտիաները տեղի կունենան վաղը, սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթը խաղարկվում է նոկաուտ մրցակարգով: Բոլոր փուլերում, բացի եզրափակիչից, շախմատիստներն անցկացնում են 2-ական դասական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողն որոշվում է թայ-բրեյքի օգնությամբ: