Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վարչապետն անտարբեր է բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի նկատմամբ․ իրավապաշտպան (տեսանյութ)

Քրեակատարողական հիմնարկներում որևէ հստակ ռազմավարություն չկա, որը կկանխարգելի դատապարտյալների ինքնասպանությունների դեպքերը․ նշում է ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2016-ից սկսած՝ ՄԻՊ-ի տարեկան հաշվետվություններում մշտապես շեշտվել է փակ հաստատություններում հոգեբանական ծառայության ճիշտ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, բայց ապարդյուն։ Բազմաթիվ են նաև ինքնավնասման դեպքերը։

«Որպես խնդիր ուզում եմ արձանագրել հետևյալը՝ ՔԿՀ-ներում շատ թույլ է զարգացած հոգեբանական ծառայությունը։ իմ գնահատմամբ՝ սա ամենակարևոր, ամենաֆունդամենտալ ծառայությունն է ՔԿՀ-ում։ Մի քանի հարյուր դատապարտյալին սպասարկում է ընդամենը մեկ-երկու հոգի, եթե միջինը վերցնենք»,- ասում է փաստաբան, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։

Խմբի անդամի խոսքով՝ 2017-ին իրենք պայմանավորվածություն էին ձեռք բերել բարձր որակավորում ունեցող հոգեբանների հետ, դիմել էին Արդարադատության նախարարություն, որպեսզի այդ հոգեբաններին թույլատրեն մուտք գործել դատապարտյալների հիվանդանոց և աշխատանք տանել ինքնավնասում կատարած անձանց հետ։

«Մեզ պատասխանել էին, որ հոգեբաններով համալրված են և մեր կարիքը չունեն։ Հետո որոշ ժամանակ անց նորից դիմեցինք, հրավիրեցին քննարկման։ Քննարկումներից հետո ասացին, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող թույլ տալ մուտք գործել»,- նշում է Ռևազյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ մերժել են նաև հոգեբան Արթուր Քոչարյանին։ «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի և փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքով՝ ի տարբերություն ՔԿՀ-ների՝ բանակում տեղի ունեցող դեպքերն իրականում ոչ թե ինքնասպանություններ, այլ սպանություններ են։

Փաստաբանը նշում է՝ իրենք դա ապացուցող փաստեր ունեն, որոնց սակայն, ըստ նրա, Քննչական կոմիտեն ուշադրություն չի դարձնում։
«Կարծում եմ՝ պետք է խոսել այն մասին, որ բանակում տեղի են ունենում սպանություններ, որոնք հանցավոր կերպով որակվում են որպես ինքնասպանություններ։ Կոծկվում են փաստերը, թաքցվում են իրական հանցագործները, կոռուպցիա կա, որը շատ դժվար է վերացնել։ Համակարգն ամբողջապես կոռումպացված է։ Կան համակարգեր, որոնք թեկուզ հեղափոխությունից հետո չեն ուզում փոխվել։ Դա Քննչական կոմիտեն է, Պաշտպանության նախարարությունն է։ Այն, որ ՊՆ-ն բնակարանների հարց է հոգում, ինչ-որ այլ հարցեր, դեռևս չի նշանակում, որ կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված իրավունքը պաշտպանված է»,- ասաց նա։

«Կարող ենք կոնկրետ նշել կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դեպքը։ Մեր ստացած վերջին փորձաքննություններից մեկի համաձայն՝ գնդակի վրա, որն արձակվել է, բացակայում են արյան հետքը և ուղեղանյութը, որը բացառվող բան է։ Հիմա մենք բողոքել ենք, բայց պատասխան չենք ստացել, որովհետև քննչական կոմիտեի երևակայությունը սպառված է՝ ինչ մոգոնի և ասի։ Երկու շաբաթից ավելի է՝ մենք բողոք ենք գրել և պատասխան չենք ստացել»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Ռոբերտ Ռևազյանը ներկայացնում է ինքնասպանությունների վերաբերյալ վերջին տարիների վիճակագրությունը։ ՔԿՀ տվյալների համաձայն՝ 2016-ին ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 29 դեպք՝ դրանցից 7-ը ինքնասպանություն է, 2017-ին՝ մահվան 17 դեպք՝ 2 ինքնասպանություն, 2018-ին մահվան 18 դեպքից  2-ը ինքնասպանություն է։

Այս տարվա  առաջին կիսամյակում արդեն գրանցվել է մահվան 13 դեպք։ Դրանցից 2-ն ինքնասպանություն է։

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տվյալների համաձայն
2016-ին՝ չհաշված ապրիլյան պատերազմի զոհերը, ՀՀ ԶՈՒ-ում
եղել է մահվան մոտ 50 դեպք, որից 13-ը գնահատված է որպես ինքնասպանություն,
2017-ին մահվան 60 դեպք է եղել՝ 11-ը գնահատվել է որպես ինքնասպանություն,
2018-ին միջինը 50 դեպքից 10-ը ինքնասպանություն է որակված։

«Թեկուզ այս նոր ղեկավարությունը մինչև հիմա չունի պատկերացում, որ դատապարտյալը մարդ է։ Մենք դա անընդհատ տեսնում ենք, կամ հրամանատարը զինվորին նայում է որպես իր ստրուկի։ Քննչական կոմիտեն ոչինչ չի անում՝ բացի կոծկելուց։ Ոչ մի ցանկություն չունեն բանակում տեղի ունեցող դեպքերի մասով քրեական գործերը բացահայտելու։ Նույնն է նաև Դատախազությունը։ Հայաստանի Հանրապետության այսօրվա վարչապետը բացահայտ անտարբեր է բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի նկատմամբ»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։