Անհնազանդության դրսեւորումներից հետո ՔԿՀ-երում իրավիճակն այս պահին հանգիստ է․ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարդատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ երեկվա անհնազանդության դրսևորումից հետո այս պահին ՔԿՀ-ներում իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից։
«ՔԿՀ աշխատակիցները շարունակում են աշխատել նորմալ ռեժիմով։ Այս պահի դրությամբ միայն այդ տեղեկությունն է, եթե ավելի լինի նախարարությունը հանդես կգա պաշտոնական մամուլի հաղորդագրությամբ»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը։
Կատարվածի հիմքերի և պատճառների մասին հարցերին այս պահին նախարարությունը չի կարող պատասխանել։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք այս պահին տեղեկություն չունեն, թե խոսքը կոնկրետ որ ՔԿՀ-ների մասին է և, թե որն է անհնազանդության պատճառը։ Առաջիկայում կլինեն այցեր ՔԿՀ-ներ և առանձնազրույցներ։
«Խումբը իր մանդատի շրջանակում կկատարի այցելություններ, ունենալով հանդիպումներ և ավելի մոտիկից ծանոթանալով իրավիճակին՝ արդեն կկարողանանք որոշակի կոնկրետ տեղեկություն տրամադրել ընթացքի վերաբերյալ։ Բայց այս պահին հստակ տեղեկություն չունենք, թե որտեղ և ինչ է կատարվում»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։
Խմբի նախագահի խոսքով՝ իրենց չի ուղղվել որևէ ահազանգ անմիջապես ՔԿՀ-ներից՝ անհնազանդության հետ կապված։ Նա նաև նշեց, որ վերջին շրջանում իրենց ստացած ահազանգների մեծ մասը վերաբերում են առողջապահական ծառայություններին։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել էին անհնազանդության դրսևորումներ։