Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Մինասի որմնանկարը կտեղադրվի Սամվել Ալեքսանյանի առևտրի կենտրոնում

Հայ որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կվերականգնվի և կտեղափոխվի Երևան։ Նախկինում, Գյումրու քանդված գործարաններից մեկում՝ «Օմեգայում» պահվող նկարն այս պահին վերականգնման փուլում է։ Այն գտնվում է Ջաջուռում։

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի խոսքով իտալացի վերականգնող մասնագետը՝ Ֆաբրիցիո Յակոբինին սեպտեմբերի 17֊ին կժամանի Հայաստան, դրանից 17 օր անց պատկերն ամբողջովին պատրաստ կլինի։

«Շենքը, որում գտնվում էր որմնանկարը՝ կիսաքանդ էր և մեծ պատուհաններով հունիսյան անձրևներից այն սկսեց ինտենսիվորեն վնասվել և կարիք կար փրկելու նկարը»,- նշեց հիմնադրամի խորհրդի անդամ Լիլիթ Փաշինյանը։

Նկարի վերականգնման համար նախապես դրամահավաք էր հայտարարվել։ Աշխատանքները սկսեցին, երբ հովանավորը գտնվեց։ Վերջինս գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» հկ-ն է։
Մինասի «Գիշերը» վերականգնումից հետո կտեղադրվի գործարարի ընտանիքին պատկանող «Արմենիա մեգա մոլ»  առևտրի կենտրոնում։ «Արմենիա մեգա մոլ» նախաձեռնության հեղինակ Արտակ Մխիթարյանի խոսքով նկարչի աշխատանքի կողքին առևտրի կենտրոնում առանձնացված կլինի հատված, որտեղ պարբերաբար կիրականացնեն  ցուցահանդեսներ։

«Գիշեր» որմնանկարի համար ի սկզբանե նախատեսված էր ծախսել 12 մլն դրամ, սակայն հաշվի առնելով այն,որ աշխատանքը վատ վիճակում էր, կարիք եղավ աշխատել Իտալիայից ներկրած նյութերով։ Արդյունքում՝ վերականգնման աշխատանքների համար մինչ այս պահը ծախսված գումարը կազմում է մոտ 20 մլն դրամ։

Արման Ավետիսյանի խոսքով այս պահին վերականգնվում է նաև Մինասի «Ցերեկ» որմնանկարը։ Այն նախատեսվում է պահել Ջաջուռի թանգարանում։ «Ցերեկ»-ի վերականգնման համար ֆինանսական միջոցներ չկան, սակայն իտալացի մասնագետը տեսնելով, թե պատկերն ինչ վիճակում է գտնվում՝ առաջարկել է անվճար աշխատել պատկերի վրա՝ միայն նյութերի ծախսը հոգալու պայմանով։