Հայաստան- Իտալիա. ֆուտբոլային 11-րդ հակամարտություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան - Իտալիա ֆուտբոլային հակամարտությունը սկսվել է 14 տարի առաջ: 2005 թվականին Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության էլիտ փուլում ոչ-ոքի էին խաղացել Իտալիայի իրենց հասակակիցների հետ՝ 0:0:
Ավաղ, դա միակ հանդիպումն է, որում մերոնք կարողացել են անառիկ պահել դարպասը: Հետագայում Հայաստանի և Իտալիայի ազգային և տարբեր տարիքային հավաքականներն 9 անգամ հանդիպել են իրար հետ, և բոլոր խաղերում էլ մրցակիցը գրավել է մեր դարպասը:
Այդ խաղերում գրանցվել է ընդամենը մեկ ոչ-ոքի, մնացածում հաղթել է մրցակիցը: Հիշեցնենք, որ 2013թ հոկտեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Նեապոլում պատմական ոչ-ոքի էր խաղացել հզոր մրցակցի հետ (2:2): Վերջին անգամ երկու երկրների ֆուտբոլիստները մրցել են այս տարի ամռանը, Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարում: Այն ավարտվել է իտալացիների վստահ հաղթանակով՝ 4:0:
Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի և Իտալիայի ազգային թիմերը, որոնք ընդգրկված են Եվրո-2020-ի ընտրական J խմբում: Կայացած չորս տուրից հետո իտալացիները վաստակել են 12 միավոր և վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ապա հաջորդում է Ֆինլանդիայի ընտրանին, որն ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Նրան հաջորդում են Հունաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: Հաշվի առնելով թիմերի ներուժը, բուքմեյքերական գրասենյակները Հայաստան – Իտալիա խաղի ֆավորիտ են համարում հյուրերին, որոնց հաղթանակը գնահատել են 1,30 գործակցով:
Դաշտի տերերի վիկտորիան հավասար է 11,30 գործակցի: Ըստ բուքմեյքերների՝ խաղի ամենահավանական հաշիվը 0:2-ն է: