Ինչո՞ւ է Աբրահամ Խաշմանյանը հեռացել «Ալաշկերտից»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի գավաթակիր Երևանի «Ալաշկերտի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ու նրա օգնականները երեկ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագրերը: Այդպիսով, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում գրանցվեց առաջին մրզչական պաշտոնանկությունը:
Այդ կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց փորձառու մասնագետի հետ և փորձեց պարզել հրաժարականի պատճառը:
«Երկու օր առաջ հանդիպում ունեցա ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ: Բավական երկար զրուցեցինք թիմի գործերի, առաջիկա անելիքների և այլ հարցերի մասին: Նա զրույցի վերջում ասաց, որ ակումբի բյուջեն 50 տոկոսով պակասելու է, ուստի պետք է նոր ձևաչափով աշխատենք: Դա նշանակում է, որ աշխատավարձերն ու պարգևավճարները 50 տոկոսով կրճատվելու են, դրա հետ միասին պակասելու է թիմի ներուժն ու մարտունակությունը: Ես բնականաբար չհամաձայնեցի նոր պայմանների հետ, քանի որ դա նշանակում էր, որ թիմն առաջնությանն ու գավաթի խաղարկությանը մասնակցելու լոկ մասնակցության համար: Մեր միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել և մենք բարեկամաբար ենք բաժանվել», - «Ա1+»-ին ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: