Champions Showdown. Լևոն Արոնյանը և Գարի Կասպարովը ձախողվեցին երրորդ օրը
Աջակցիր «Ա1+»-ինՍեյնթ Լուիսում անցկացվող Champions Showdown մրցաշարի 3-րդ օրն անհաջող դասավորվեց Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի համար:
Ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ մրցամարտի հերթական չորս պարտիայում նա վաստակեց ընդամենը 1,5 միավոր՝ մեկական ոչ-ոքի խաղալով արագ և կայծակնային շախմատում: Այդպիսով, մրցակիցը բավականին կրճատեց ընդհանուր հաշվի տարբերությունը՝ 9,5:8,5:
Մրցումների չորրորդ օրը շախմատիստներն անցկացնելու են Ֆիշերի շախմատի կայծակնային 8 պարտիա: Լևոն Արոնյանին լուրջ փորձություն է սպասում, քանի որ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով բլիցում լավագույնը հենց Հիկարու Նակամուրան է: Մեր շախմատիստը 6-րդն է:
Զուգահեռ ընթացող Ֆաբիանո Կարուանա - Գարի Կասպարով մրցախաղում աշխարհի 13-րդ չեմպիոնը լիովին ձախողեց երրորդ օրվա պարտիաները՝ կրելով երեք անընդմեջ պարտություն և խաղալով մեկ ոչ-ոքի: Ընհանուր հաշիվն այժմ 14,5:3,5 է՝ հօգուտ ամերիկացի շախմատիստի:
Մյուս մրցախաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ.
Վեսլի Սո- Վեսելին Տոփալով՝ 13:5
Լենիեր Դոմինգես – Պյոտր Սվիդլեր՝ 7:11
Հիշեցնենք, որ արագ շախմատի հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: Կայծակնային շախմատում գործում է միավորների սովորական հաշվարկը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 200 հազար դոլար: