Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ձուկը հաճախ մշակում են ֆարմալինով՝ թարմ տեսքի համար․ Ռուբեն Հաթյան (տեսանյութ)

Գազավորված ըմպելիքներում շաքարի քանակը բարձր է մի քանի անգամ։ Հաճախ գազավորված ընպելիքների մեջ օգտագործվում են շաքարի փոխարինիչներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը։

Նա նշում է՝ որ այդ ըմպելիքների մշտական օգտագործումը կարող է առաջացնել շաքարային դիաբետ, ճարպակալում, տարբեր հիվանդություններ։ Նա անհանգստացած է, քանի որ այդ ըմպելիքները հիմնականում օգտագործում են երեխաները և երիտասարդները։

«Հանուն առողջության նախաձեռնության» անդամ Ռուբեն Հաթյանը նշում է, որ իրենք իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ որոշ սննդի կետերում ձեռքբերված միսը չի ունեցել համապատասխան փաստաթուղթ։

«Նոր Նորքի շուկայի հարևանությամբ բացված ճաշարան մտա, գեղեցիկ էր, սեղանին դրված էր միսը, և խոհարարը մասնատում էր։ Օրենքի պահանջ է, որ ձեռքբերված մթերքը պետք է ունենա փաստաթուղթ, բայց այդ մարդը ասաց՝ ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Այդ դեպքում մենք ինչ իմանանք, որ պատահական տեղից չի գնել։ Սա առաջին դեպքը չէ, որ գեղեցիկ օբյեկտներում սնունդը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին»,- ասաց նա։

Ռուբեն Հաթյանը ռիսկային է համարում ամռան շոգ եղանակին ձկան բացօթյա վաճառքը և նշում, որ վաճառողները ձկան թարմ տեսքի  համար այն շատ անգամ մշակում են ֆարմալինով։

Նա կարծում է, որ փողոցներում վաճառվող ապխտած ձկները պետք է ստուգել և պարզել,  թե ինչ եղանակով է դրանց ապխտումը կատարվում։

«Փողոցում հաճախ ենք տեսնում ապխտած ձկներ։ Ձուկը վերամշակելու համար բավական բարդ պրոցես է անցնում, սակայն երբ մենք գնացինք խոշոր արտադրողի մոտ, ապխտելու պրոցեսը տեսանք, հարցրեցինք՝ ո՞ւր է այդ փայտանյութի սերտիֆիկատը, քանի որ այն պատահական փայտով կամ ածուխով չպետք է լինի, պետք է լինի հատուկ փայտանյութ, որպեսզի մեջը  վտանգավոր նյութեր չլինեն։ Ես գյուղերից մեկում հանդիպել եմ, որ տերևները հավաքել են, կամ աթարով, երբեմն ցախով ապխտել են, որը մեծ ռիսկ է պարունակում»,- ասաց նա։

 Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ «Սպառողների ազգային ասոցիացիան» պատրաստել է «Սպառողական գիտելիքների հիմունքներ» գիրքը, որը նախատեսված է բարձր դասարանի երեխաների համար։ Այն ընդհանուր գիտելիքներ կտա երեխաներին՝  ճիշտ սպառող լինելու և ծանոթանալու առկա  խնդիրներին։ Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում գիրքը կդրվի քննարկման և կորոշվի՝ այն որպես ուսումնական ձեռնարկ ընդգրկվի՞ դպրոցներում, թե ոչ։