Երվանդ Մկրտչյանը՝ աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 2-3-ին Բուլղարիայի Պրավեց քաղաքում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների 72-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու մեդալ է նվաճել:
Երվանդ Մկրտչյանը նախ հաղթել է 1500մ վազքում և դարձել ոսկե մեդալակիր: Նա ցույց է տվել 3:46.00 արդյունք՝ մեկ վայրկյանով առաջ անցնելով կոսովցի Հայդարի Մուսայից և ալբանացի Նիկոլի Դավիդից: 3000մ վազքում մեր 23-ամյա վազորդը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ետ մնալով միայն խորվաթ Դինո Բոշնյակից:
Վազորդներ Արման Հակոբյանը, Ալեն Առստամյանը և Ռոման Ալեքսանյանը անհաջող են հանդես եկել 400մ և 800 մ վազքում՝ զբաղեցնելով վերջին և ցածր տեղեր: Սկավառակի նետման և գնդի հրման մրցումներում Մանուկ Մանուկյանը նույնպես համեստ արդյունքներ է ցույց տվել: Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.55մ արդյունքով գրավել է 7-րդ տեղը:
Կանանց մրցումներում հանդես են եկել 3 աթլետուհիներ՝ վազորդներ Լիլիթ Հարությունյանն ու Անգելինա Ավագյանը, հեռացատկորդ Յանա Աբրահամյանը: Նրանցից առավել հաջող հանդես է եկել Լիլիթ Հարությունյանը, որը 400մ վազքում զբաղեցրել է 6-րդ տեղը:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 19 երկրների մեջ գրավել է 9-րդ տեղը: Բոլորից շատ մեդալներ նվաճել են Ուկրաինայի և Ռումինիայի աթլետները՝ 18-ական, սակայն ոսկե մեդալներով լավագույն ճանաչվել են ուկրաինացիները: