Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131647
A A
Հասարակություն

ՀՊՏՀ-ում դասադուլը շարունակվում է. ուսանողները հանդիպում են պահանջում Արայիկ Հարությունյանի հետ (տեսանյութ)

Տնտեսագիտական համալսարանում դասադուլը շարունակվում է: Առավոտյան ժամը 8:30-ից դասադուլ հայտարարած ուսանողները հետ չեն կանգնում իրենց պահանջից՝ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պետք է վերադառնա։

ՀՊՏՀ-ի մագիստրատուրայի ուսանողուհի Քրիստինե Թաթոսյանի համոզմամբ՝ մինչև Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը կոռուպցիան և միջնորդությունները մասսայական բնույթ էին կրում, իսկ Հայրապետյանի շնորհիվ այդ արատավոր երևույթները վերանում էին, և բարեփոխումները շարունակվում էին։

Քրիստինեի խոսքով՝ մրցույթների անցկացումը մի խումբ դասախոսների մոտ վատ արձագանք առաջացրեց, որովհետև նրանք կարող էին զրկվել աշխատանքից:

«Նրանց դիվերսիոն հարձակումն այն էր, որ նրանք սկսեցին ուսումնասիրել պարոն Հայրապետյանի ատենախոսությունը, գտան որոշ տեխնիկական խնդիրներ»,- ասաց նա:

Քրիստինե Թաթոսյանը ընդունում է այն, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մեջ թերություններ եղել են, բայց ըստ նրա՝ գիտական աշխատանքներում տարիներ շարունակ թերություններ եղել են, և հիմա մեկ մարդու վրա է պատասխանատվությունը ընկել:

Ուսանողները այնքան ժամանակ դասադուլ կանեն, մինչև որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպի իրենց հետ, ում նաև նամակ են ուղղել: Ուսանողները ցանկանում են նաև հանդիպել վարչապետի հետ: Նրանք ստորագրահավաք են իրականացրել:

Օնլայն հարթակում մեկ շաբաթվա ընթացքում 2000-ից ավել ստորագրություններ ունեն, իսկ թղթային տարբերակով մեկուկես օրվա ընթացքում՝ 225։ Մագիստրատուրայի մեկ այլ ուսանող Անի Խաչատրյանի համոզմամբ՝ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը չի շարունակում այն բարեփոխումները, որոնք ձեռնարկել էր Ռուբեն Հայրապետյանը:

«Այսօր, ըստ էության, պարոն Հայրապետյանի հայտարարված մրցույթի արդյունքները տապալված են, կրկին վերադարձել ենք այն իրավիճակին, որից փորձում էինք դուրս գալ։ Ամբիոնի վարիչներն են որոշում՝ ո՞ւմ ի՞նչ դրույքաչափ տալ, այն բոլոր դասախոսները, որոնք դուրս էին մնացել մրցույթից, այսօր աշխատանք էին եկել», - ասաց Անի Խաչատրյանը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումն, ըստ նրա, այն է, որ իրենց պայքարը դրական ավարտ ունենա։

«Նախարարը իրավիճակին ծանոթացել է միայն դասախոսների տեսանկյունից, իսկ մեր կարծիքը՝ որպես բուհի միակ շահառուների, հաշվի չի առնվել: Իսկ մենք ցանկանում ենք, որ այն անձը, որը բարեփոխումները ձեռնարկել էր, վերադառնա»:

Ուսանողների դասադուլին աջակցող դասախոսներ նույնպես կան, թեև իրենք չեն ուղղորդել ուսանողներին, բայց անհրաժեշտության պարագայում կմիանան ուսանողներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊՏՀ դասախոս Տիգրան Մնացականյանը:

Բուհում դասաբաշխման փոփոխություններ են եղել։ Ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դասաժամերը բաշխվել են Տիգրան Մնացականյանին, սակայն նա հրաժարվել է:

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ավելի լավ դասավանդել այդ դասընթացը, քան Հայրապետյանը։ Անարդարացի էր գիտխորհրդի որոշումը, եթե դուք տեսնեք այդ քվեարկության արդյունքները , ակնհայտ կդառնա, որ ուղղոդում կա գիտխորհրդի քվեարկության ժամանակ»,- ասաց նա:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասադուլ հայտարարած ուսանողները քայլերթով շարժվում են դեպի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Ակցիայի մասնակիցները շեշտում են, որ իրենց նպատակը որակյալ կրթություն ունենալն է, իսկ Ռուբեն Հայրապետյանն իր աշխատանքով ապացուցում էր, որ բարեփոխումները տեղին և անհրաժեշտ են: Դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ ժամանեցին Կառավարության շենքի մոտ։