Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ փոխվեց Բյուրականում հեղափոխությունից հետո (տեսանյութ)

Աշխատատեղ չկա, գյուղն էլ սարի գլխին է․Աշտարակի տարածաշրջանի Բյուրական համայնքի բնակիչները հասկանում են՝ գյուղում ներդրումներ անելը ձեռնտու չէ։

Բյուրականը մեծ գյուղ է՝ 4706 բնակչով։

«Գյուղում ով բաշարում, աշխատում է, ով էլ չէ, աշխատանքի տեղ էլ չկա, որ աշխատի»,- ասում է գյուղամեջում ընկերների հետ նարդի խաղացող 81-ամյա Գարսեւան Գևորգյանը։

Գարսեւան պապը խաղողի այգու բերքից գոհ չէ։

 «Թե ի՞նչ դեղեր են, չգիտեմ, խաղողս փչացավ։ Էս տարի զրոյի տակ եմ մնացել, չեմ պատկերացնում, թե  ինչ դեղեր են տալիս։ Իմ խաղողի այգին 2000 մետր է, տարեկան քաղել եմ 4, 5, 6 տոննա, իսկ հիմա ես խաղող չունեմ, լրիվ փչացել է, լացս գալիս է»,- պատմում է նա։

Գյուղում հեղափոխությունից հետո մեծ ակնկալիքներ չեն ունեցել։ Խնդիրը ոչ թե իշխանության ներկայացուցիչներն են, այլ ժողովրդի մտածողության մեջ ոչինչ չփոխվելը։

 «Նույն ժողովուրդը  են մի տեղից պլստաց  էն մյուս տեղը, ի՞նչը փոխվեց, մեր գենը փոխվե՞ց, մեր էությունը, մտածողությո՞ւնը փոխվեց, ոչ մի բան չփոխվեց։ Մտածողության մեջ պետք է փոխվի այն, որ մարդը զարթնի, չմտածի՝ որտեղից ի՞նչ թռցնի, որտեղ ո՞ւմ խաբի ու գցի, սա պետք ա փոխվեր, բայց  սա չփոխվեց։ Մեզ պետք է մարդ, որը ճիպոտի, որ ամեն մեկն իր տեղն իմանա»,- շեշտում է գյուղի մեկ այլ բնակիչ Ժիրայր Ալեքսանյանը։

Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է ու անասնապահությունը, բայց ըստ գյուղացիների՝ հողերը քիչ են, եղածն էլ բերքատու չեն։ Գործ չունենալու պատճառով էլ  գյուղացիները արտագնա աշխատանքի են մեկնում։

Գյուղացիների մեջ կառավարության աշխատանքը գնահատողն էլ կա․ ժողովրդի կենսակերպի մեջ ակնհայտ փոփոխություն դեռ չի նկատվում, բայց Կառավարության հանդեպ վստահություն կա։

«Էս քանդված երկրին էս կառավարությունը միանգամից ինչ կարող է անել, ակնկալիքներ ունենք, բայց էդ կառավարությունը միանգամից ո՞ր մեկիս հասնի։ Տեսնում ենք ամբողջ ռայոններն ու գյուղերը շրջում են ամեն տեղ, տեսնում ենք՝ օգնում են։ Այնպես չի, որ միանգամից բոլորիս կարող են վեցնեն, գլխի վրա շուռ տան»,- ասում է Բյուրական համայնքի բնակիչ Աշոտ Արսենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։