Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իտալիան կորուստ է կրել Հայաստանի հետ խաղից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իտալիայի ընտրանու նախնական կազմը կհրապարակվի վաղը, օգաստոսի 30-ին: Այդ մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Իտալացիները մեր հետ խաղից առաջ արդեն մեկ կորուստ են կրել: Ինչպես նշում է «Գազետա դելո Սպորտ» թերթը, հավաքականի պաշտպան Կրիստիանո Պիչինին չի կարող մասնակցել թիմի առաջիկա խաղերին: Պարզվում է, որ «Վալենսիայի» 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության խաղի նախավարժանքի ժամանակ: Ըստ նախնական տվյալների նա բաց կթողնի մոտ չորս ամիս:

Հավելենք, որ Իտալիայում այժմ բոլորից շատ քննարկում են երկու երիտասարդ ֆուտբոլիստների՝ Նիկոլո Զանիոլոյի եւ Մոյսե Կինի ազգային թիմ հրավիրելու հարցը: Բանն այն է, որ որոշ մասնագետներ հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խորհուրդ են տալիս նրանց արդեն հրավիրել թիմ եւ խաղալու շանս տալ: Սակայն կան այլ մասնագետներ, որոնք դեմ են այդ ֆուտբոլիստների հրավիրմանը, քանի որ նրանք երիտասարդական հավաքականում խաղալիս բազմիցս խախտել են կենսակարգը:

Այն, թե ինչ որոշում կկայացնի այդ հարցի շուրջ Ռոբերտո Մանչինին, պարզ կդառնա վաղը, կեսօրից հետո: