Հրդեհից տուժած գործարարները խնդրում են՝ գոնե իրենց վճարած ԱԱՀ-ն հետհաշվարկ անեն․ առանց աջակցության կփակվեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ձյունիկ սառնարան» ընկերության տնօրինությունը, որտեղ օրեր առաջ հրդեհ էր բռնկվել, այսօր հանդիպել է Կառավարության ներկայացուցիչների հետ։
Ընկերության տնօրեն Լևոն Մարգարյանի խոսքով վարչապետի հանձնարարականով
սառնարանում պահվող և օգտագործման համար արդեն ոչ պիտանի մթերքի փոխադրման և ուտիլիզացման աշխատանքները պետությունն իր վրա կվերցնի։
«Սա արդեն ամենամեծ աջակցությունն էր բիզնեսին և «Ձյունիկ սառնարան» ընկերությանը։ Հավանաբար, մենք վաղն արդեն կսկսենք բեռների տեղափոխությունը»,- նշեց Լևոն Մարգարյանը։
Գործարարները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով աջակցել որոշ հարցերում։
«Բոլոր գործարարների կողմից ասում եմ, որ բոլորն էլ խնդրում են Կառավարությանը, որպեսզի աջակից լինի և գոնե վճարած ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը հետհաշվարկ անեն նստեցնեն մեր մաքսային հաշիվների վրա՝ հետագա մաքսային ձևակերպումները կատարելու համար»,- ասաց «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը։
«Որոշ կազմակերպություններ համոզված եմ, որ փակվելու են, առանց աջակցության, քանի որ մարդիկ հնարավորություն չունեն բիզնեսը շարունակելու։ Բանկերի հետ բոլորս ունենք լուրջ խնդիրներ»,-նշեց Արթուր Անդրեասյանը։
Իսկ վնասի հստակ չափը դեռ ճշտված չէ։ Լևոն Մարգարյանի խոսքով այս պահին շենքի տարածքում դեռ շարունակում է հերթապահել հրշեջ մեքենան, դեռ նկատվում է ծուխ։