Իմ բնավորությամբ մարդը չի կարող աշխատել նման թիմում․ Լևոն Ջուլֆալակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնկախ Հայաստանի սպորտի պատմության մեջ բոլորից երկար գլխավոր մարզիչ աշխատած Լեւոն Ջուլֆալակյանն այսօր անսպասելի հրաժարական տվեց։
«Վերջին ամիսներին հավաքականում տեղի են ունենում որոշ տարաձայնույուններ։ Թիմի որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ իրենք որոշեն մրցումների մասնակիցներին, հավաքների վայրը եւ այլն։ Պարզ ասած, կազմակերպվում է դավադրություն։ Դրա պատճառները ինչ-որ տեղ հասկանալի է, ինչ-որ տեղ՝ ոչ։
Բնականաբար, երբ մարզիկները կիսվում են երկու բևեռների, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը։ Նման հավաքականի հետ իմ բնավորությամբ մասնագետը չի կարող աշխատել», - այսպես պատճառաբանեց իր հրաժարականը 55-ամյա մասնագետը, որը 1999 թվականից գլխավորել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը։
Ըստ իր իսկ վիճակագրության, այդ 21 տարիների ընթացքում մեր ըմբիշները պաշտոնական մրցումներում նվաճել են 70 մեդալ։ Լևոն Ջուլֆալակյանը չցանկացավ անուններ տալ, սակայն հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց, որ տարաձայնություններ եղել են կապված Մաքսիմ Մանուկյանի և Կարապետ Չալյանի հետ, որոնք դժգոհ են եղել հավաքականի կազմի ընտրությունների հետ։
Ինչպես հայտնեց անվանի մարզիչը, առաջիկայում ինքը ոչ մի աշխատանքով չի զբաղվելու և միմիայն հանգստանալու է․ «Ես կշարունակեմ մարզել որդուս՝ Արսեն Ջուլֆալակյանին, այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ավարտել իր ելույթները», - եզրափակեց հրաժարական տված գլխավոր մարզիչը։
Հավելենք, որ Արսեն Ջուլֆալակյանը, որը ներկայումս ԱԺ պատգամավոր է, մտադիր է շարունակել ելույթները և ձեռք բերել 2020թ օլիմպիական խաղերի ուղեգիր։