Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131540
A A
Հասարակություն

Ամուլսարն էլ է ժողովրդինը, պետք է համաժողովրդական հանրաքվե անցկացնել․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կողմ է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը որոշվի հանրաքվեի միջոցով։

Պատգամավորը մատնանշում է, որ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, հետևաբար՝ Ամուլսարն էլ է ժողովրդինը, և պետք է ժողովուրդը որոշում կայացնի՝ հանքը շահագործե՞լ, թե՞ ոչ։

«Ժողովրդի մի ստվար զանգված իսկապես դեմ է, և դա հիմնավոր է, կարծում եմ՝ 2-րդ կարծիք լինել չի կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

 Գևորգ Պետրոսյանն առաջարկեց համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ պնդելով, որ խնդիրը ոչ միայն Ամուլսարի  մոտակա շրջանների բնակիչներին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին։

«Ինչո՞ւ ոչ տեղական հանրաքվե, քանի որ գործող տեղական հանրաքվեի մասին ՀՀ 2018 թվականի օրենքի համաձայն՝ այնպիսի պայմաններ են դրված այն հարցերի շրջանակի վերաբերյալ, որոնք ենթակա չեն հանրաքվեով լուծման, որ շատ ընդարձակ են և ընդգրկում են նաև  բնակչության առողջության հետ կապված հարցեր։ Եթե մենք փորձենք տեղական հանրաքվեի ճանապարհով հարցին լուծում տալ, ապա օրենքն արգելում է, մասնավորապես՝ հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն արգելում է  առողջության պահպանման հարցերով հանրաքվե անցկացնել, որն իմ կողմից անընդունելի է»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ հանրաքվե անցկացնելու հարցով վարչապետը պետք է անձամբ խոսի։ Այդ քայլով վարչապետն իրեն կազատի  այն մեղադրանքներից, որոնք երբեմն,  ըստ պատգամավորի, նույնիսկ ավելորդ են։

Գևորգ Պետրոսյանը նշում է՝ իր կարծիքով՝ եթե իշխանությունը վախենում է  հանրաքվեից, ապա դա մտածելու տեղիք է տալիս։

«Ուրեմն իշխանությունը վստահ չէ, որ հանրաքվեում կհաղթի, եթե վստահ է՝ ուրեմն ամենաճիշտ տարբերակը համաժողովրդական հանրաքվե անցկացնելն է»,- նկատեց պարոն Պետրոսյանը։