Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 25-ը օգոստոսի. Երբ Համալիրը վաճառվեց ԲԱՄՕ-ին, ժողովուրդն ընդվզում էր (տեսանյութ)

Զինվորական մեքենաների այս գերեզմանոցում ամեն ինչ չէ, որ մետաղի ջարդոն է։ Համապատասխան գումարի դիմաց պաշտպանության նախարարությունը 1997-ի այս օրերին ձեզ թույլ կտար վերցնել ցանկացած մաս։ Գերեզմանոցի աշխատակիցները, սակայն, մետաղի ջարդոնի շարժի մասին գիտեին ավելին։

1998-ի այս օրը Երեւանում քաղաքացիների համար շահագործման է հանձնվում 36 բնակարանով բնակելի շենք։ Անկախ Հայաստանում դա առաջին դեպքն էր, երբ բնակելի շենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։ Առջեւում եւս երկու շենքի շինարարության ավարտն է։

Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը 1998-ի այս օրը հայտարարում է, որ արտագաղթը նպաստում է մեր երկրի սոցիալական լարվածության թուլացմանը ։ Սա լավ է, իսկ վատն այն է, ըստ Եգանյանի, որ Հայաստանից հեռանում է աշխատող ձեռքն ու ուղեղը։ Պաշտոնապես վերջին 10 տարում Հայաստանից հեռացել է 700 հազար մարդ։

Պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը շարունակում է բացահայտել, թե ինչ ոլորտ է ղեկավարում ինքը։ Նախարարն իր մոտ է հրավիրել խոշոր հարկատուներին, որոնք նրան օգնում են հասկանալ, թե ինչ հարկահավաքներ կան համակարգում։

ԱԺՄ-ում շարունակվում է ներկուսակցական ճգնաժամը։ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբված խորհուրդն սկսում է վարչության անդամների կուսակցությունից հեռացնելու գործընթացը։ Ազգային Ժողովի ԱԺՄ խմբակցության ղեկավարը հիացած չէ պարոն Մանուկյանի գործողություններով, իսկ մեկ այլ տեղ 2001-ի օգոստոսի 25-ին նիստ անող ԱԺՄ-ականներին նույնիսկ հետաքրքիր չէ, թե ինչ է անում ԱԺՄ առաջնորդը։ Կեղծիքներով ընդունված օրենքներ ստորագրող նախագահ Հայաստանին պետք չէ,-նույն օրը միաձայն ասում են ընդդիմադիր պատգամավորներ Արշակ Սադոյանը եւ Ստեփան Զաքարյանը ։ Արշակ Սադոյանը դատարան է դիմել, որպեսզի վերջինս չեղյալ համարի Քոչարյանի ստորագրած բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքի ընդունման ակտը։ Դատարանը մերժել է նրան։

Անուշ Նագաշյանը ստեղծագործում է Երուսաղեմում, նրա սիրային բանաստեղծությունները երգ է դարձնում Կարո Տեմիրճյանը, որը Երուսաղեմում բիզնես ունի ։ Եկել էին լսելու հայրենի հանդիսատեսի կարծիքն իրենց հովվերգական համատեղ աշխատանքի մասին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը Դաշնակցության սրտով չէ։

2001-ի այս օրը կուսակցության Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրենը հայտարարում է՝ հանձնաժողովի նպատակներն ազգային չեն։ Անընդունելի թ երկխոսել թուրքերի հետ եւ հենց սկզբից ցեղասպանության հարցը չդնել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը 2001-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանին անվանում է մեծ մտավորական, քանի որ գիտի, թե ինչ է ուզում ։ Նա սակայն Հայաստան էր եկել ասելու, որ կողմ է Ղարաբաղի ինքնորոշմանը, թեպետ այն արդեն կայացած փաստ է։ Անհանգիստ է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությամբ՝ այն բոլորի տեսակետը չի արտահայտում։

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 2001-ի այս օրն ընդունում է Համահայկական խաղերի թուրքահայ պատվիրակությանը ։ Սփյուռքահայերը, սակայն, տպավորված չեն իրենց կենցաղային պայմաններից

2005-ի օգոստոսի 25-ին կառավարությունը որոշում է ընդունում Ռուսաստանի Դաշնությունում գրանցված եւ գործող, նախօրոք հայտնի գնորդ ԲԱՄՕ ՍՊԸ-ի կողմից հիմնադրվող առեւտրային կազմակերպությանը վաճառել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Մինչդեռ մարդիկ կառավարության դիմաց բղավում են՝ դա համաժողովրդական սեփականություն է։

2006-ի այս օրը Երեւանում 87 տարեկան հասակում մահանում է բանաստեղծուհի, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։ 2004 թվականի ապրիլի 13-ի դեպքերից հետո, երբ Հայաստանի իշխանությունները բռնի ուժով ցրեցին խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում, «Խոսք իմ որդուն» բանաստեղծության հեղինակն ի նշան բողոքի Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց իրեն շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

2008-ի այս օր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում լինելով միակ թեկնածուն դառնում է Ազգային Ժողովի պատգամավոր։ Ընտրատարածքում պատգամավորի աթոռը թափուր էր այն բանից հետո, երբ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ըստ մամուլի հրապարակումների` Հովիկ Աբրահամյանը հավակնում է Ազգային Ժողովի նախագահի աթոռին: