Բացել լրահոսը Փակել լրահոսը
67786289_501687270605530_5470590623343968256_n
A A
Մշակույթ

Փառատոն, որտեղ չկան կարմիր գորգեր և պաշտոնական արարողություններ (տեսանյութ)

Այսօր մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնն առանձնակի ուշադրության է արժանացնում խոցելի խմբերի հետ աշխատանքին, որոնք ոչ միայն մասնակցում են միջոցառումներին, այլև ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում։

«Մենք այսօր ավելի շատ ենք խոսում և հոգում մարմնի մասին։ Ֆիթնեսով ենք զբաղվում, անհրաժեշտության դեպքում՝ դիմում ենք բժշկի, բայց չէ՞ որ հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի»,- ասում է փառատոնի մասնակից Նատալիա Կրելը, և հավելում,- «Յուրաքանչյուր երկրում մարդկության 15%-ը, ըստ պաշտոնական տվյալների, հաշմանդամություն ունեցող անձինք են։ Մինչդեռ իրական թվերն ավելին են։ Մեր մարդկային վերաբերմունքը նման խնդիրներով մարդկանց, նաև ծերերի ու երեխաների հանդեպ «հոգու ֆիթնես» հասկացողությունն է»։

Կազմակերպիչների խոսքով՝ «Ֆրեսկոն» փառատոն է, որ հենված է մարդու ազատության, համերաշխության և համակեցության գաղափարների վրա։ Նման փառատոններն ունեն բարոյահոգեբանական նշանակություն։ «Ֆրեսկոն» փառատոն է, որտեղ չկան կարմիր գորգեր, պաշտոնական արարողություններ, և բոլորն այստեղ կամավոր են։

Փառատոնի ընթացքում, որը կտևի մինչև օգոստոսի 30-ը, կցուցադրվի 37 ֆիլմ՝ 17 երկրից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորում  է այն փաստը, որ փառատոնն անցնելու է հիմնականում բացօթյա տարածքներում և այսուհետ, նրա խոսքով, նախարարությունը հետամուտ է լինելու, որ փառատոնները դուրս գան փակ տարածքներից։