Բացել լրահոսը Փակել լրահոսը
68602736_2405599766190224_1225357433723944960_n (1)
A A
Մշակույթ

«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտաս վարդապետին (տեսանյութ)

«Գութան» ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա օգոստոսի 23-ին։ Այս տարի միջոցառումը նվիրված է Կոմիտաս վարդապետին։

Համերգը կսկսվի միասնական ավանդական երգով, որին կմասնակցի 19 համույթ։

«Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը նշում է, որ կազմակերպիչներն ու մասնակիցները հավատարիմ են «Գութան» փառատոնի ավանդույթներին ու կանոններին՝ հանդես գալ կենդանի կատարումներով և օգտագործել բացառապես ազգային նվագարաններ։

Փառատոնի շրջանակներում մասնակից խմբերից յուրաքանչյուրն ամեն անգամ ներկայացնում է որևէ տարածք՝ Կիլիկյան Հայաստանից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Սյունիք։

«Ամեն տարի, երբ իրականացնում ենք փառատոնը, անդրադարձ ենք կատարում մեր երախտավորներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր ինքնությունը պահելու գործին։ Ամեն տարի մենք պատրաստում ենք փոքրիկ ֆիլմեր, որոնք պատմում են մեր երախտավորների մասին։ Այս տարի փառատոնը նվիրված է Կոմիտաս վարդապետին, վաղը նրա մասին 5 ֆիլմ կցուցադրվի։ Ֆիլմերը կտեղադրվեն նաև համացանցում, դրանց նպատակն է տեղեկացնել մարդկանց և  արժեւորել  կարևոր սկզբունքները»,- նշեց Արսեն Գրիգորյանը։

Նա նաև ավելացրեց, որ «Գութան»-ի կարգախոսն է՝ պահպանել ազգային մշակույթը։

«Դարեր շարունակ մշակույթը պահել է մեզ, և մենք էլ պարտավոր ենք աչքի լույսի պես պահել մեր մշակույթը»։

Փառատոնին ընդառաջ՝ այսօր, ժամը 19։00-ին, Կասկադի մոտ ֆլեշմոբ կսկսվի, մասնակիցները կշրջեն Երևանի  փողոցներով եւ կիրազեկեն վաղվա միջոցառման մասին։