Բացել լրահոսը Փակել լրահոսը
Alik_Sargsyan_2
A A
Հասարակություն

«Այլեւս չեմ ուզում ոչ մեկի հետ շփվել, հոգնել եմ ուղղակի». Ալիկ Սարգսյան․ Aravot.am

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի տվյալները, թե ինքը այլ պաշտոնյաների հետ զբաղված է եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով, գրում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ փաստաթղթեր կեղծելու մասին տեղեկություններ կան Մարտի 1-ի քրեական գործով. «Քրեական գործում կա, որ մի շարք պաշտոնյաներ՝ Ալիկ Սարգսյանը, Գեւորգ Մհերյանը եւ այլք, զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով, դրանք վերաբերում են հիմնականում զեկուցագրերին»:

«Եթե նման բան լիներ, հատուկ ծառայություններ կան, կստուգեին, նման բան չկա, ինչ էլ որ եղել է, փաստաթուղթ, հատուկ քննչական ծառայությունը նայել է, ստուգել է, ինքն է որոշում՝ որեւէ մեկն առնչություն ունի՞ դրա հետ, թե՞ ոչ: Մնացած փաստաբան կոչվածները ավելի լավ է զբաղվեն իրենց գործով, կարող է մի բան կպնի էլի, մի հատ լավ զգան իրենց: Ես կրկնում եմ՝ իմ մասով հատուկ քննչական ծառայությունն ամեն ինչ նայել է, այնպես չէ, որ ես չեմ հարցաքննվել, ես առնչություն չունեմ էդ ամեն ինչի հետ: 

Փաստաբանների էդ հիմար, անհեթեթ հետեւություններն ինձ քիչ են հետաքրքրում: Ինձ մի անհանգստացրեք այդ հարցով, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, այլեւս չեմ ուզում ոչ մեկի հետ շփվել, հոգնել եմ ուղղակի: Մի վատ, անբարոյական վիճակ է, բոլորի կյանքը խեղաթյուրելու, բոլորի վատով ուրախանալու հակում ունեն մարդիկ: Ի՞նչ , մեկին ասեմ, որ ես վատ եմ, վաղը չէ մյուս օրը մահանալու եմ, ուրախանան, կհանգստանա՞ն. Ի՞նչ եմ արել էդ տականքներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում